«Իսրայելը չի դադարեցնի կրակը Գազայում», - X-ի իր էջում գրել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն՝ արձագանքելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկ ընդունած բանաձևը։
«Մենք կոչնչացնենք «Համաս»-ը և կշարունակենք պայքարը մինչև առևանգվածներից վերջինի տուն վերադարձը», - գրել է Իսրայելի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ հաստատել է Գազայի հատվածում հրադադարի անհապաղ հաստատում պահանջող բանաձևը։ Փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը։ Միացյալ Նահանգները չկիրառեց վետոյի իր իրավունքը՝ սահմանափակվելով ձեռնպահ քվեարկությամբ։ Բանաձևով ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջում է «մեծացնել մարդասիրական օգնության առաքման ծավալները և խորացնել Գազայի հատվածի խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված ջանքերը»։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: «Համաս»-ն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։
Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 32 հազարը։
Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Որոշ երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: