Ոստիկանության բաժին ներխուժել փորձած 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել

Մարտի 24-ին Ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ահաբեկչության դեպքի առիթով կատարված խուզարկություններով հայտաբերվել են զենք-զինամթերք, սխեմաներ, փաստաթղթեր, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Ըստ Կոմիտեի՝ 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել։

Կիրակի օրը ժամը 17։00-ի սահմաններում, 3 հոգի փորձել են ներխուժել ոստիկանության վարչական շենք, նրանք գործադրել են նռնակ։ Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսին վնասազերծել են ԱԱԾ ծառայողները։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով։

Այսօր Կոմիտեն որոշ մանրամասներ է փոխանցել՝ նշելով, որ Ս․ Հ․-ն, Վ․ Գ․-ն և Ա․ Մ․-ն հակաիշխանական հայացքներ են ունեցել, նրանք ապօրինի կերպով ձեռք բերած և յուրաքանչյուրի մոտ գտնվող երկուական ձեռքի մարտական նռնակներով մուտք են գործել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, շենքը պայթեցնելու սպառնալիքներ են հնչեցրել, հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններից պահանջել են ազատ արձակել իրենց համախոհներին, բացել հերթապահ մասի դուռը, իրենց տալ այնտեղ պահվող զենքերը և ազատել շենքը։

Ըստ քննչականի՝ Ոստիկանության ծառայողները դիմադրել եմ, Ա․ Մ․-ի ձախ ձեռքում պահված նռնակը ընկել է ոստիկանության բաժնի հերթապահ մասի դիմացի հատվածը, և պայթել, պայթյունի հետևանքով վնասվել է ոստիկանության շենքի մուտքի դուռը, դրա և հերթապահ մասի պատուհանների ապակիները, պատերը և առաստաղը, այդ հատվածում գտնվող գույքը:

Պայթյունի հետևանքով Վ․ Գ․-ն և Ա․ Մ․-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն, իսկ Ս․ Հ․-ն, շարունակելով իր գործողությունները, նռնակները ձեռքերին շուրջ 2 ժամ սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի վարչական շենքը, Հայաստանում իրականացնել հեղափոխություն, սակայն վերջինս վնասազերծվել և զինաթափվել է Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ս․ Հ․-ն և Վ․ Գ․-ն ձերբակալվել են, իսկ Ա․ Մ․-ի ձերբակալումը հնարավոր չի եղել՝ վերջինիս առողջական վիճակի պատճառով:

Կոմիտեն երեկ տեղեկացրեց, որ գործի շրջանակներում մեծածավալ խուզարկություններ են իրականացվում։ Այսօր նշվում է, որ հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք, խուզարկություններ են իրականացվել «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանության բաժին ներխուժել փորձած անձինք Ազգային ժողովրդավարական բևեռի աջակիցներ են