Հայաստանը բազմազանեցնում է իր անվտանգային հարաբերությունները, Kathimerini օրաթերթին տված հարցազրույցում վերահաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Երևանը պատրա՞ստ է որդեգրել ավելի արևմտյան մոտեցում միջազգային քաղաքականության համատեքստում՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի հետ խնդիրները։
«Հայաստանը բաց է փոխշահավետ հարաբերություններ հաստատել և զարգացնել բոլոր գործընկերների հետ և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ: Այս նպատակով մենք բազմազանեցնում ենք մեր անվտանգային հարաբերությունները», - ասել է Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը․ ԱԽ քարտուղարԽոսելով ՀԱՊԿ-ի հետ ունեցած խնդիրներից՝ գործադիրի ղեկավարը նախ շեշտել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Երևանի գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես, 2021 և 2022-ին։
Իսկ որպես հետևանք Փաշինյանն թվարկել է՝ Երևանն, ըստ էության, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ 2023 -ի սեպտեմբերից ի վեր չունի ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ, ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չի մասնակցում, ՀԱՊԿ որոշումները չի արգելափակում, բայց դրանց չի մասնակցում։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ռազմական դաշինքից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին։ Իր վերջին ասուլիսին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե հնչի պատասխանը հարցի, թե որն է Հայաստանում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին և համապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, կնշանակի՝ ռազմական դաշինքի հետ խնդիրները լուծված են: Հակառակ դեպքում, վարչապետը դարձյալ զգուշացրեց՝ Հայաստանը դուրս կգա դաշինքից։
«ՀՀ համագործակցությունը պաշտպանության բնագավառում ուղղված չէ որևէ երկրի դեմ»
Անդրադառնալով պաշտպանության բնագավառում Հայաստանի համագործակցությանն այլ երկրների հետ՝ վարչապետը շեշտել է՝ այն ուղղված չէ որևէ երկրի դեմ։
«Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը», - ասել է Փաշինյանն ու անդրադարձել հայ-հունական համագործակցությանը՝ հիշեցնելով նախորդ տարվա դեկտեմբերին երկու կառավարությունների միջև Ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը։
Փաշինյանն այդ համաձայնագրից որոշ մանրամասներ է ներկայացրել՝ նշելով, որ այն ենթադրում է փորձի, գիտելիքի փոխանակում, համատեղ նախագծերի զարգացում, Հունաստանի ուսումնական հաստատություններում բազմաթիվ հայ կուրսանտների սովորելու հնարավորություն։ Վարչապետը նաև շեշտել է, որ պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացվում՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կընդլայնվի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Աթենքը նոր լիցք են հաղորդում ռազմատեխնիկական համագործակցությանը«Աթենքի ու Անկարայի միջև զարգացումները փաստում են, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները»
Անցած տարվա դեկտեմբերին Հունաստանն ու Թուրքիայի «Բարեկամական հարաբերությունների և բարիդրացիության մասին» հռչակագրի ստորագրեցին, որը նվազեցրեց լարվածությունը երկու երկրների միջև։
Փաշինյանը նկատել է՝ Հունաստանի և Թուրքիայի միջև ընթացող զարգացումները ևս մեկ անգամ փաստում են, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները և հարևանների միջև ձևավորել համագործակցության փոխշահավետ օրակարգ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի և Հունաստանի միջև չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել. Էրդողան