Ադրբեջանը պետք է դադարեցնի լրագրողների ու քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ահաբեկումներն ու ոտնձգությունները, հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։
Դունյա Միյատովիչը նշել է, որ Բաքվում նրանց նկատմամբ աճող բռնաճնշումները խորը մտահոգություն են առաջացնում և դրանք ճնշումներ են երկրում խոսքի ազատության դեմ։
Թվարկելով վերջին մեկ տարում տեղի ունեցած ձերբակալությունները՝ Միյատովիչը շեշտել է, որ 2023-ի հուլիսին նամակ է հղել Ադրբեջանի ներքին գործերի նախարարին՝ կոչ անելով Բաքվին՝ ապահով միջավայր ստեղծել իրավապաշտպանների, իրավաբանների, քաղհասարակության ներկայացուցիչների օրինական գործունեության համար, որը զերծ կլինի հաշվեհարդարի, ոտնձգությունների, ճնշումների ռիսկից։
Միյատովիչը երեկ կրկին կոչ է արել Բաքվին վճռական քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների հետ կապված պարտավորությունների կատարումը լիարժեք ապահովելու համար։
«Սա կպահանջի նաև ազատ արձակել բոլոր նրանց, այդ թվում՝ լրագրողներին և քաղհասարակության ակտիվիստներին, ովքեր բանտարկվել են իրենց օրինական գործունեության, այլակարծության կամ քննադատական տեսակետներ արտահայտելու համար», - նշվում է Միյատովիչի հայտարարությունում։
Ադրբեջանի կառավարությունը շարունակում է այլախոհներին և անկախ լրագրողներին ահաբեկելու և լռեցնելու քաղաքականությունը:
Եվրոպայի խորհրդի հետ համագործակցող Լրագրողների պաշտպանության հարթակը վերջերս հրապարակած զեկույցում փաստել է, որ ԵԽ-ին անդամակցող 47 երկրներում 55 լրագրող գտնվող է բանտում, որոնցից 16-ը՝ միայն Ադրբեջանում։ Անցած նոյեմբերին Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել և նախնական կալանքի են ենթարկել առնվազն տասը լրագրողի՝ այդ թվում Abzas Media առցանց թերթի գրեթե ամբողջ խմբագրակազմին։ Մարտի սկզբին էլ համացանցում հեռարձակվող Тoplum TV անկախ հեռուստաալիքի հետ համագործակցող 9 լրագրող է ձերբակալվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում լրագրողների դեմ բռնաճնշումների հերթական ալիքն է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում նոր բռնաճնշումներ անկախ մնացած լրատվամիջոցի դեմ՝ մեղադրանքներ, խուզարկություններ, ձերբակալություններ