Ի՞նչ կատարվեց ուղիղ մեկուկես տարի թռիչքներ իրականացրած ու այս տարվա հունվարին վերջին չվերթը կատարած հայ-արաբական Fly Arna ընկերության հետ, ու ինչո՞ւ այն դադարեցրեց թռիչքները, երբ աշխատելու ընթացքում, ըստ ոլորտի մասնագետի, հասցրել էր ձեռք բերել պատասխանատու ընկերության համբավ։
«Պետք է օբյեկտիվորեն ասել, որ լավ սկիզբ էր: Fly Arna-ն շատ քիչ ուղղություններ ուներ, սակայն կարողանում էր ապահովել տվյալ կատեգորիայի ուղևորներին բավարարելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Passenger.am ուղևորների իրավունքներով զբաղվող ընկերության համահիմնադիր Վաներ Հարությունյանը:
Հայաստանի կառավարության հիմնադրած ANIF ֆոնդի և Air Arabia ավիաընկերության կողմից ստեղծված Fly Arna ընկերությունը թռիչքներ էր իրականացնում դեպի Եգիպտոս, Ռուսաստան, Իրան, Իրաք: Pasanger.am-ի համահիմնադիրը գրեթե չի հիշում դժգոհություններ Fly Arna-ից, այն նաև չուներ ուղևորների պակաս, հետևաբար ի՞նչը կարող էր ստիպել Air Arabia ընկերությանը հետ կանչել Fly Arna-ի երկու ինքնաթիռները, ինչից հետո փաստորեն Fly Arna-ն զրկվեց լիցենզիայից։ Պաշտոնական բացատրությունն է՝ եթե չունեն օդանավ, զրկվում են լիցենզիայից։ Գլխավոր հարցի պատասխանը չունեն անգամ իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները։
«Եվ եթե կա պատճառների վերլուծություն, թե ինչու է այդպես ստացվել, խնդրում եմ դա էլ ասեք: Եվ էդ «ինչուի» վերաբերյալ նաև կա՞ր արդյոք նման ռիսկերի մասին պատկերացում, որ կարող էր նման ելք լինել, որովհետև, ըստ էության, քիչ փող չի, և քիչ կարևորության ուղղություն էլ չի, որ մեզ անհրաժեշտ է՝ հատկապես ճգնաժամ իրավիճակներում, երբ որ մե՛նք որոշում կկայացնենք՝ էդ ինքնաթիռները թռչեն, թե չթռչեն, և ուր թռչեն», - Ազգային ժողովում Կառավարության ղեկավարին հարց ուղղեց Արսեն Թորոսյանը:
Վարչապետի պատասխանը հարցին հստակ չէր. - «Շուկայի կոնյունկտուրան որոշակի փոփոխություն է կրել, և ըստ էության նաև շուկայում նոր ընկերություններ են հայտնվել, այդ թվում՝ Հայաստանյան շուկայում, և Fly Arna-ն մրցակցությանը, ըստ էության, չի դիմացել: Բայց երկրորդ մասին հարցի, նաև տեղյակ եք, որ այդ ընթացքում որոշակի զարգացումներ են եղել մեր քաղաքացիական ավիացիայի հետ կապված, մասնավորապես՝ Եվրամիության սև ցուցակում հայտնվելը»:
2023-ի վերջին 20 միլիոն դոլար կանոնադրական կապիտալով ընկերությունը չկարողացա՞վ արդյոք սպասել, մինչև Հայաստանը կատարեր Եվրամիության պահանջներն ու դուրս գար սև ցուցակից, ինչի պատճառով հայկական ընկերություններն այժմ չեն կարող թռիչքներ անել դեպի Եվրամիություն։ Սև ցուցակից դուրս գալը, ըստ ոլորտի ներկայացուցիչների, սարերի հետևում չէ։
Վաներ Հարությունյանի խոսքով՝ ակնհայտ է, որ մրցակցությունը կարող էր խնդիր լինել Fly Arna-ի համար, բայց դա թռիչքները դադարեցնելու միակ պատճառը չէր։
«Ենթադրում եմ, որ ներքին մենեջմենթի խնդիրներ հարուցված կլինեին, որը նաև ստիպել էր ավիաընկերությանը իր ինքնաթիռները հետ կանչել: Այստեղ պետք է նաև դիտարկել՝ միգուցե ինչ-որ պայմաններ և պայմանավորվածություններ կան օտարերկրյա ներդրողի և հայկական կողմի միջև, որոնք չեն կատարվել, որը ներքին խնդիր է երևի, որին մենք չենք կարող ունենալ հասանելիություն տվյալ մանրամասներին», - նշեց Հարությունյանը:
«Ազատություն»-ը հարցեր է ուղղել Fly Arna-ի գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսին, առայժմ պատասխան չի ստացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ազգային ավիափոխադրողի թռիչքը կանգնել է՝ չնայած պետության միլիարդավոր ներդրումներին«Այս պահի դրությամբ «Ֆլայ Արնա»-ի լիցենզիան կասեցված է»․ ՏԿԵ փոխնախարարՄինչ այդ, պետական հետաքրքրությունների ֆոնդ ANIF-ի հետ համագործակցած այլ գործարարներ անանուն մնալու պայմանով «Ազատությանը» հայտնել են, որ ANIF-ում ընդհանուր առմամբ կային կառավարման ու որոշումներ կայացնելը ձգձգելու խնդիրներ, ինչը բացասաբար է ազդել ANIF-ի հետ համագործակցած գրեթե բոլոր բիզնեսների վրա։ Իսկ ֆոնդի արդեն նախկին ղեկավար Դավիթ Փափազյանը Հայաստանից հեռացել է։
ANIF-ում ստուգումներ էր արել Պետական վերահսկողական ծառայությունը, ինչից հետո հայտարարել՝ ընկերությունը պետությունից ստացած ֆինանսական միջոցներն արդյունավետ չի օգտագործել, հարուցված քրեական գործ, սակայն, այս պահին չկա։
Զարգացման ի՞նչ փուլում են մյուս բիզնեսները, որտեղ հարկատուների միջոցներով ներդրումներ է արել Պետական հետաքրքրությունների ֆոնդը։ ANIF-ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Fly Arna-ից բացի իրենց հաջորդ կարևորագույն նախագիծը արաբական Masdar-ի հետ իրականացվող «Այգ-1»-ն է՝ 200 մեգավատտ հզորությամբ արևային էլեկտրակայան, որը պետք է տեղակայվի Թալինի Դաշտադեմ համայնքում մոտ 500 հեկտար տարածքի վրա:
Ըստ ANIF-ի կայքի` էլեկտրակայանի շահագործման մեկնարկը նախատեսվում է 2025 թվականին, իսկ շինարարությունը դեռ անցյալ տարի պետք է սկսված լիներ։
«Հողերը մենք նվիրաբերել ենք Կառավարությանը, բայց ցանկապատել, բան՝ տենց ոչ մի բան չի արվել, առանձնապես ուրիշ բն չկա արված», - «Ազատությանն» ասաց Դաշտադեմի վարչական ղեկավար Արկադի Մարտիոսյանը:
Դաշտադեմում որևէ շինարարություն չի սկսվել։ ANIF-ից «Ազատության» հարցին պատասխանել են՝ «ներկայումս ծրագրի շինարարությանը նախորդող գործընթացների փուլում ենք, այդ թվում շինարարական կազմակերպության ընտրության մրցույթից առաջ ընթանում են որոշակի ճշգրտման աշխատանքներ», այսինքն՝ առայժմ հայտնի էլ չէ՝ ով պետք է կառուցի արևակայանը։
Արաբական Masdar-ը էլեկտրակայան կառուցելու պայմանավորվածություն ձեռք էր բերել նաև Ադրբեջանի հետ, հուշագիրը ստորագրվել էր Հայաստանի հետ ստորագրումից ընդամենը 10 ամիս առաջ։ Ադրբեջանում կայանը ոչ միայն հասցրել են կառուցել, այլև արդեն շահագործվում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանում նախատեսվում է կառուցել 400ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ