Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Հինգշաբթի օրը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Օմար Պագանինիի մասնակցությամբ կայացել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը:

ՀՀ ԱԳՆ լրատվականի փոխանցմամբ՝ Միրզոյանը բարձրացրել է Հայաստանի դրոշը, ինչից հետո հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

Միջոցառմանը մասնակցել են մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուրուգվայի ժամանակավոր փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների Պալատի նախագահի պաշտոնակատար Գրասիելա Բիանչի Պոլին, Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Մոնտեվիդեոյում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ։

«Ինձ համար մեծ երջանկություն և մեծ պատիվ է ողջունել ձեզ այսօր Ուրուգվայում՝ Մոնտեվիդեոյում՝ արդեն պաշտոնապես Հայաստանի Հանրապետության այս փոքրիկ տարածքում։ Ինձ համար կրկնակի և եռակի մեծ պատիվ և երջանկություն է բարձրացնել իմ երկրի՝ Հայաստանի Հանրապետության դրոշը և, ըստ էության, պաշտոնական մեկնարկ տալ Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացմանը», - մասնավորապես հայտարարել է Արարատ Միրզոյանը:

«1992 թվականից ի վեր, երբ մեր երկու երկրները հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, մեզ հաջողվել է ջերմ, բարեկամական, գործընկերային հարաբերություններ հաստատել և շատ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն կառուցել։

Միևնույն ժամանակ, պետք է նկատել, որ երկու երկրների ղեկավարության շրջանակներում կա հստակ ըմբռնում, որ ժամանակն է այդ հարաբերությունները, այդ գործընկերությունն է՛լ ավելի խորացնել, դրանց հիման վրա կառուցել տնտեսական հարաբերություններ, մշակութային կապեր, խթանել մարդկանց միջև կապերը, և սրա համար էր, որ պակասում էր մի կարևորագույն օղակ` երկու մայրաքաղաքներում համապատասխանաբար երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունները։

Եվ այսօր արդեն հպարտությամբ կարող ենք նկատել, որ այդ բացը լրացված է։ Երևանում գործում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ռեզիդենտ դեսպանությունը և ծածանվում է Ուրուգվայի դրոշը, և Մոնտեվիդեոյում գործում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանությունը և ծածանվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը մեկնում է Ուրուգվայ