Մատչելիության հղումներ

Միրզոյանը մեկնում է Ուրուգվայ


Արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով այսօր մեկնում է Ուրուգվայ։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը հանդիպում կունենա Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի հետ, նախատեսվում են նաև հանդիպումներ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ուրուգվայում նաև տեղի կունենա Հայաստանի դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:

2023-ի դեկտեմբերին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանն էր Ուրուգվայում։ Նա հանդիպումներ ունեցավ Ուրուգվայի բարձրագույն ղեկավարության, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպներում դրական էր գնահատվել առաջիկայում Ուրուգվայում Հայաստանի դեսպանատան բացումը, ինչը կնպաստի տարբեր մակարդակներում երկու երկրների փոխգործակցության ակտիվացմանը:

2021-ին Ուրուգվայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյին էր պաշտոնական այցով Հայաստանում։ Ողջունելով Երևանում դեսպանատուն բացելու Ուրուգվայի որոշումը՝ Փաշինյանն ասել էր, որ Երևանն էլ քննարկում է Ուրուգվայում դեսպանատուն բացելու հնարավորությունը։

«Ձեր որոշմամբ դուք օգնեցիք, որ մենք ավելի շուտ որոշում կայացնենք», - ասել էր գործադիրի ղեկավարը։

Ուրուգվայի ԱԳ նախարարն էլ կարծիք էր հայտնել, որ ապագայում երկու երկրներն ունենալու են շատ հաջող առևտրատնտեսական հարաբերություններ:

Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. մայիսի 27-ին: Հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունել ու դատապարտել է Ուրուգվայը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG