Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կիևին. կան վիրավորներ և ավերածություններ

Կիև, 21-ը մարտի, 2024թ․

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը մարտի 21-ի վաղ առավոտյան 31 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, հաղորդում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Ըստ զինվորականների՝ Ռուսաստանը կիրառել է «Իսկանդեր», ինչպես նաև թևավոր հրթիռներ ՌԴ Վոլգոդոնսկի և Էնգելսի շրջաններից։

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հաղորդել է, որ «հիմնական թիրախը եղել է Կիևը, Կիևի մարզում հակառակորդի բոլոր հրթիռները խոցվել են»։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաղորդել է 10 տուժածի մասին, երկուսը հոսպիտալացվել են։ Հաղորդվում է նաև ավերածությունների մասին։

Վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն էլ հայտնել է, որ Կիևի վրա հրթիռային հարձակման ընթացքում 30 թևավոր հրթիռ է խոցվել՝ նշելով՝ ռուսական հրթիռային հարձակումը տևել է երեք ժամ։

Երեկ էլ ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Խարկովին, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել: Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը Խարկովի բնակիչներին կոչ է արել տեղափոխվել ապաստարաններ՝ քաղաքի վրա երկրորդ հնարավոր հարվածից պաշտպանվելու համար:

ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել հրթիռային հարվածները։

Երեկ ԱԹՍ հարձակման է ենթարկվել Ռուսաստանի Սարատովի մարզի Էնգելս քաղաքը։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել էր շրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում է գտնվում ռազմական օդանավակայանը, որտեղ տեղակայված են ռազմավարական ռմբակոծիչներ։

Ուկրաինան պաշտոնապես ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է հարվածները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԹՍ հարձակումներ Ռուսաստանի Էնգելս քաղաքի՝ ռազմավարական ռմբակոծիչների բազայի մոտ