Փետրվարի սկզբին Հայաստանի սահմանին ձերբակալված և կալանավորված բելառուսցի 24-ամյա երիտասարդը քաղաքական ապաստան է հայցում Երևանից։ Ծրագրավորող Մաքսիմ Վաիտկիավիչուսը հետախուզվում է զինվորական ծառայությունից խուսափելու համար։
«Դատարանը առանց անդրադառնալու մանրամասն հիմքերին, հիմքերի գնահատմանը և այլն, կայացրել է որոշում այն հիմնավորմամբ, որ անձն այլ երկրում ունի հետախուզում ու այդ իսկ նպատակով մինչև արտահանձնման մասին միջնորդություն ստանալը պետք է անձը մնա անազատության մեջ», - ասաց փաստաբան Անի Չատինյանը:
Երիտասարդը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանին պատմել է, որ 2020-ին հայրենիքում մասնակցել է հակակառավարական ցույցերին, աջակցել երկրի նախագահի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի վիճահարույց վերընտրությունից հետո սկսված պայքարին ու 14 օրով ձերբակալվել, բանտում խոշտանգվել։
Բելառուսում խոշտանգումների, անմարդկային պայմաններով բանտախցի մասին պատմել է նաև Տավուշի մարզի դատարանում։ Օրինակ, որ 10 հոգանոց խցում տեղավորել էին 100-ից ավելի մարդու, որոնք անգամ քնելու տեղ չունեին։ Բայց հայաստանյան դատարանն, ըստ փաստաբանի, անտեսել է այս ամենն ու կալանավորելու որոշում կայացրել։
«Եվրոպական դատարանի որոշումներով, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից հրապարակված զեկույցներով և այլն, այդ թույլատրելիի սահմանի մեջ չի, որովհետև 4 քառակուսի մետր է յուրաքանչյուր անազատության ենթարկված անձի համար նախատեսված տարածքը, դրանից անհամեմատ փոքր տարածք է եղել», - նշեց Անի Չատինյանը:
Սա վերջին շրջանում առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում կալանավորում են Բելառուսի հետախուզվող քաղաքացու։ Շաբաթներ առաջ քաղաքական ապաստան էր խնդրել 24-ամյա Յարոսլավ Նովիկովը, ով ևս հետապնդումների մասին էր պատմել։ Նա ևս բանտում է, սպասում է իր դիմումի պատասխանին։
Մինչդեռ փաստաբանները պնդում են՝ դատարանները կարող են բելառուսցի երիտասարդներին թողնել ազատության մեջ, նրանք, միևնույն է, չեն կարող լքել Հայաստանը արգելանքի պատճառով։
«Երկրից դուրս գալու տարբերակ չունի, թաքնվելու և այլնի հնարավորություն չկա օտար երկրում, հետևաբար, լիիրավ անձը իրականում հնարավորություն ուներ անազատության մեջ չլինելով սպասել որոշակի գործընթացների, ոչ թե սպասել որոշակի գործընթացների, այլ իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը», - ասաց Անի Չատինյանը:
Գլխավոր դատախազությունից միայն փոխանցում են՝ ստացել են արտահանձնման միջնորդությունը, այն կքննարկվի միջազգային պայմանագրերի և Հայաստանի օրենսդրության պահպանմամբ: Այլ մանրամասներ դատախազությունը դեռ չի հաղորդում։
Բելառուսից փախած Վաիտկիավիչուսը տևական ժամանակ է՝ Վրաստանում էր բնակվում, աշխատում և Երևան պարզապես համերգի էր եկել։ Իրավապաշտպանը պնդում է՝ Բելառուսի իրավապահները հարուցված քրեական գործը որպես պատրվակ են օգտագործում՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդին պատժելու համար, հետևաբար դատախազությունը չպետք է արտահանձնի նրան Բելառուս։
«Եթե հանկարծ Հայաստանի Հանրապետությունը որոշի արտահանձնել Վաիտկիավիչուսին կամ մյուսներին, ինքն ուղղակի մասնակիցը կդառնա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված 3-րդ հոդվածի խախտմանը, քանի որ արդեն իսկ կան առավել հստակ հիմնավորումներն ու պնդումներն այն մասին, որ անձն իրոք փախել է բռնություններինց, անձի նկատմամբ տվյալ երկրի բանտում արդեն իսկ տեղի է ունեցել այս ամեն ինչը ու սա անտեսել ու արտահանձնել ուղղակի անթույլատրելի է», - ընդգծեց փաստաբանը:
Իրավապաշտպան կազմակերպության փաստաբանի խոսքով՝ իրենց տվյալներով, հայաստանյան բանտերում 3 բելառուսցի կալանավոր կա։ Քրեակատարողական ծառայությունից նրանց մասին տվյալներ դեռ չեն փոխանցում։