Մատչելիության հղումներ

Չեչնիայի քաղաքացի Սալման Մուկաևը հնարավոր է առաջիկայում փախստականի կարգավիճակ ստանա ՀՀ-ում. դատարանը նրա օգտին վճիռ է կայացրել


Չեչնիայի քաղաքացի Սալման Մուկաևը հնարավոր է առաջիկայում փախստականի կարգավիճակ ստանա Հայաստանում։ Վարչական դատարանի վճիռը սեռական կողմնորոշման կասկածների պատճառով Հայաստան փախած 41-ամյա տղամարդուն ուժ է տվել՝ շարունակել կյանքն այստեղ, սկսել հայերեն սովորել, զբաղմունք գտնել։

«Չգիտեմ, թե ինչ կլիներ հակառակ որոշման դեպքում, շատ ուրախ եմ», - նշեց նա։

Դատավոր Կարեն Զարիկյանը, քննելով Մուկաևի բողոքը, երեկվա վճռով Միգրացիոն ծառայությանը պարտավորեցրել է չեչեն տղամարդուն փախստական ճանաչել ու ապաստան տալ։

«Զգացմունքները շատ են, երբ ինձ տեղեկացրեցին այդ մասին, ես դեռ ամբողջությամբ վստահ չէի, ուզում էի, որ վստահեցնի փաստաբանս։ Հետո ինձ հետ ուրիշները կապվեցին ու հաստատեցին այդ լուրը, որ դատարանը դրական վճիռ է կայացրել, սա նաև շնորհիվ սրտացավ մարդկանց», - ասաց Մուկաևը։

Հայրենիքից Մուկաևը երեք տարի առաջ էր փախել, այստեղ ապաստան խնդրել, Միգրացիոն ծառայությունում պատմել է գլխով անցածը, ցույց տվել խոշտանգումների հետքերը։ Այստեղ ընդունել էին, որ, իսկապես, Չեչնիա վերադառնալիս նա կարող է հայտնվել անազատության մեջ ու ենթարկվել բռնության։ Բայց այս ամենը չէր խանգարել Միգրացիոնին մերժել չեչեն տղամարդուն։ Եզրահանգել էին՝ նա կարող է տեղափոխվել ոչ թե Չեչնիա, այլ՝ Ռուսաստանի այլ տարածք՝ այն մեծ երկիր է և այլ բնակավայրերում նրա իրավունքները չեն խախտվի՝ եզրակացրել էին Միգրացիոնում ու հավելել՝ Ռուսաստանն, իր հերթին, հավաստիացրել է, որ հետախուզվող Մուկաևին կդատեն օրենքով, չեն խոշտանգի։

Սակայն խոշտանգված տղամարդը թե՛ Միգրացիոն ծառայությունում և թե՛ դատարանում պնդել է՝ իրեն կսպանեն, եթե տեղափոխվի Չեչնիա կամ էլ Ռուսաստան. - «Դրա մասին արդեն շատերը գիտեն։ Իհարկե, ամենուր է այդ մասին հայտարարվում, որ մարդու իրավունքների խախտումները Ռուսաստանում, հատկապես Չեչնիայում ինչ վիճակում են: Դեռ չգիտեմ, թե Միգրացիան ծառայությունը հետո ինչ կանի, բայց արդեն կա կոնկրետ վճիռ, ինչը հույս է ներշնչում ապագայի համար»։

Դատարանում Մուկաևի փաստաբանը պատմել էր, որ Չեչնիայում երկու օր շարունակ խոշտանգելուց հետո իրավապահները նրան դատարկ թղթեր էին տվել, թե՝ «ստորագրի՛ր»։ Այլ ելք չուներ, ստորագրել էր, ինչից հետո վախեցրել էին, թե կմեղադրեն ապօրինի զենքի հոդվածով ու առաջարկել համագործակցել։ Հետո մեղադրանք էին առաջադրել, հետախուզում հայտարարել։ Եվ Միգրացիոնը հենց այս մեղադրանքը վկայակոչելով էլ եզրակացրել էր՝ քանի որ Մուկաևը մեղադրյալ է, բայց չի ներկայացրել տվյալներ, թե քրեական հետապնդմամբ կխախտվեն իր իրավունքները, ապա նրան ապաստան տալ չեն կարող: Մինչդեռ դատավորը եզրահանգել է, որ ոչ միայն Չեչնիան է վտանգավոր սեռական փոքրամասնությունների համար, այլև՝ ողջ Ռուսաստանը։

Այս վճիռը ուժի մեջ կմտնի մեկ ամսից։ Մինչ այդ, Միգրացիոնը կարող է այն բողոքարկել։ Առայժմ սակայն, չեն բացահայտում՝ կգնան այդ քայլին, թե՝ ոչ։

Ռուսաստանում վերջերս է՛լ ավելի են ահագնացել սեռական փոքրամասնությունների նկատմամբ ճնշումները, անցած տարեվերջին այդ երկրի Գերագույն դատարանը «ծայրահեղական» ճանաչեց ԼԳԲՏ կազմակերպություններին։ Այս փաստը իր վճռում ներառել է նաև դատավորը։ Կարեն Զարիկյանն ընդգծել է՝ Մուկաևի վերադարձը Ռուսաստանի ցանկացած հատված կարող է սպառնալ նրա ազատությանը և անձնական անձեռնմխելիությանը:

XS
SM
MD
LG