Ազգային ավիափոխադրողի թռիչքը կանգնել է՝ չնայած պետության միլիարդավոր ներդրումներին

Հայկական ազգային ավիափոխադրողը ոչ Հայաստանից մարդ է տանում, ոչ էլ բերում։ Ընկերության թռիչքները կասեցվել են։ «Ֆլայ Արնա»-ն թևերը բացեց մեծ աղմուկով՝ մեկուկես տարի առաջ։

Ավիաընկերության թռիչքը կանգնել է ֆինանսական խնդիրների պատճառով, այսօր Ազգային ժողովում մանրամասնեց տարածքային կառավարման փոխնախարար Արսեն Սիմոնյանը։

«Լիցենզիան վեց ամիս ժամկետով կասեցվում է մինչև համապատասխան օդանավ ներգրավելը, եթե 6 ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավվի, ապա կդադարեցվի լիցենզիայի գործողությունը: Տվյալ հարցը ուսումնասիրվում է ու հստակ տեղեկատվություն լինելու դեպքում կփոխանցենք։ Գլխավորապես խնդիրը ֆինանսական է», - ասաց Սիմոնյանը։

Ընկերության չվերթները Իրան, Ռուսաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ ուղղությամբ էին։ «Ֆլայ Արնա»-ն հայ-արաբական համագործակցությամբ ստեղծվեց։ Բաժնեմասի 49 տոկոսը պատկանում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին, 49-ը՝ Արաբական ընկերությանը, 2 տոկոսը լիբանանահայ գործարար Վարուժան Ներգիզյանին։

Ազգային ավիափոխադրողը Փաշինյանի կառավարության հերթական բարեփոխումներից էր, որ մեկնարկեց 2022-ի հուլիսից: 23-ի վերջից լրատվամիջոցներն արդեն գրում էին, որ Ազգային փոխադրողի թռիչքը անխափան չէ։ Ընկերությունը հունվարին տեղեկացրեց թռիչքը դադարեցնելու մասին։

Լրագրող Վահե Սարուխանյանը, որ հետաքննել է ազգային ավիաուղիների ընթացքը, կարծում է, որ բավարար չեն բացատրությունները, թե ֆինանսական խնդիրներ կան։ Այդ ներդրումը կատարվել է նաև Հայաստանի քաղաքացիների հաշվին և պետությունը պետք է մանրամասն բացատրություն տա։

«Այդքան խոսվեց, այո, մեզ պետք է ազգային ավիափոխադրող, ընդամենը 1,5 տարի հետո պարզվում է, որ մեծ խնդիրներ կան, 2 կողմերն իրար չեն հասկանում ու 8,8 միլիարդ ներդրումը, որից 4,4 ու մի քիչ ավելի ներդրումը Հայաստանի Հանրապետության, այսինքն, մեր բոլորի գումարներն են, ինչ ձևով է կառավարվում, ո՞ւր գնացին այդ գումարները, հիմա ի՞նչ պիտի արվի», - ասաց Սարուխանյանը:

125 աշխատատեղ ունեցող «Ֆլայ Արնա»-ի կապիտալը մոտ 4,8 մլրդ դրամ էր, ապա ավելացել էր ու դարձել 8,8 մլրդ դրամ:

Ընկերությունը երկու ինքնաթիռով սկսեց թռիչքը։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի նախկին տնօրենը հայտարարել էր, թե 15 օդանավ են ունենալու։ Բայց համալրելու փոխարեն, արդեն տարեվերջից երկուսից մեկը հանվեց Հայաստանի ռեգիստրից։ Ըստ «Հետք»-ի՝ տեղափոխվել է Հնդկաստան:

Հայկական ավիաընկերությունների պատմությունն ուսումնասիրած լրագրողը վստահեցնում է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, սա երկրորդ ընկերությունն է, որ պետության ֆինանսավորմամբ է գործել ու ձախողվել։

«2003-ից այս կողմ, մինչև «Ֆլայ Արնա»-ի ի հայտ գալը, հայկական երկնքում չի եղել ավիաընկերություն, որ պետությունը մասնակցություն ունենա, ունեցավ ու տեսանք ինչ եղավ», - ընդգծեց Վահե Սարուխանյանը։

Գործող իշխանությանն էլ չհաջողվեց այդ շղթան կտրել, շեշտում է հետաքննող լրագրողը. - «Սա շատ մեծ մինուս է ոչ միայն «Ֆլայ արնա»-ի, այլ առաջին հերթին դրա հիմնադիրների համար, նույն կառավարության»:

Ի՞նչ ճակատագրի կարժանանա հերթական հայկական ավիաուղիները, պարզ չէ, կառավարությունը չի հայտնում։