ՌԴ իշխանությունները մոտ 22 մլն քվեաթերթիկ են լցրել Պուտինի օգտին. իրավապաշտպան կազմակերպություն

Важные новости անկախ մեդիա հարթակն ու տարիներ ի վեր ռուսաստանյան ընտրություններին հետևող Голос իրավապաշտպան կազմակերպությունը պնդում են, որ անցած օրերին Ռուսաստանի իշխանությունները մոտ 22 միլիոն քվեաթերթիկ են լցրել Վլադիմիր Պուտինի օգտին։

Լրագրողներն ուսումնասիրել, համադրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներն ու եզրակացրել, որ անցած կիրակի ավարտված նախագահական ընտրություններն աննախադեպ էին ոչ միայն մասնակցության ու Պուտինին տրված ձայների, այլև լցոնումների առումով։ Ինքը՝ պաշտոնական տվյալներով ռեկորդային՝ ավելի քան 80 տոկոս քվե ստացած Պուտինը, սակայն, ընտրությունները որակել է արդար և ազատ, երեկ երեկոյան էլ մեծ համերգով Կրեմլի մոտ նշել իր հաղթանակն ու Ղրիմի բռնակցման տասներորդ տարին։

«Ահա թե ինչպես ենք մենք առաջ գնալու՝ միասին, ձեռք ձեռքի տված: Եվ հենց սա է մեզ իսկապես ավելի ուժեղ դարձնում ոչ թե խոսքերով, այլ գործով: Եվ այս ամենը տեղի է ունենում ձեր շնորհիվ, Ռուսաստանի քաղաքացիներ», - նշել է Պուտինը:

Ընդորում, երեկ Վլադիմիր Պուտինի կողքին բեմին էին նախագահական վերջին ընտրություններում նրա բոլոր մրցակիցները, որոնք քարոզարշավի ընթացքում այդպես էլ նրան որևէ անգամ չքննադատեցին։ Երեքն էլ գոհ էին թե՛ ընտրությունների արդյունքներից, թե՛ Ղրիմի բռնակցումից, ինչի համար շնորհակալություն էին հայտնում Պուտինին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հինգերորդ անգամ հաղթանակ տոնեց՝ ստանալով ավելի քան 87,3 տոկոս ձայն

Արևմտյան առաջնորդները հայտարարել են, որ ընտրություններն ազատ և արդար չէին:

«Դրանց արդյունքը կանխորոշված էր», - երեկ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը, միաժամանակ շեշտել, որ Պուտինը Ռուսաստանի նախագահն է, և այս իրողությունը Վաշինգտոնը շարունակելու է ընդունել։

«Եվ մենք կշարունակենք գործ ունենալ այդ իրականության հետ: Բայց այդ իրողությունը չի ժխտում այն փաստը, որ այս ընտրությունները որևէ կերպ չեն համապատասխանում ազատ կամ արդար լինելու չափանիշին», - նշել է Սալիվանը:

Մեկ ամիս առաջ հյուսիսային գաղութում մահացած ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի այրին ավելի վաղ կոչ էր արել արևմտյան առաջնորդներին չճանաչել Պուտինին որպես Ռուսաստանի լեգիտիմ նախագահ։

«Ընտրություններն ավարտվել են, բայց մեր պայքարը շարունակվում է։ Մենք ամեն ինչ կանենք, որ ոչ ոք աշխարհում Պուտինին չճանաչի որպես լեգիտիմ նախագահ, որպեսզի ոչ ոք չնստի նրա հետ բանակցությունների, որ բոլորը հասկանան՝ Պուտինը Ռուսաստանը չէ», - հայտարարել է Յուլիա Նավալնայան։

Առայժմ, սակայն, արևմուտքից հայտարարել են միայն, որ չեն շնորհավորելու Պուտինին, բայց որևէ հայտարարություն չի հնչել, թե չեն ճանաչում նրան որպես Ռուսաստանի լեգիտիմ նախագահ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ից Պուտինին շնորհավորական զանգեր չեն լինի․ Պետդեպը՝ ՌԴ-ում ընտրությունների մասին