Պաշտոնական Երևանի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալ, այսօր Տավուշում Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպմանը ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման», - հայտարարել է նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։
«Մենք տեսնում ենք, որ իրական հնարավորությունը՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու, կարող ենք իրականացնել այս հատվածում՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում։ Մեր քաղաքականությունն այն է, որ մենք պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։ Եվ սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք էս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման։ Ու դա անում ենք ոչ միայն հանուն ՀՀ-ի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը», - նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը բնակիչներին ցույց է տվել Հայաստանի այն նույն ուրվագիծը, որը ցույց էր տվել ասուլիսի ընթացքում։
Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ո՞նց ենք զորքն անցնելու, գնալու հող մշակելու». տավուշցիները՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո