Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին

Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակետը։

«Ամենակարևոր ասելիքն այն օրվա ասուլիսի ասելիքն էր՝ Հայաստանի այն նույն ուրվագիծը, որ ցույց եմ տվել այնտեղ, ցույց եմ տվել նաև այստեղ», - ի պատասխան «Ազատության» հարցին, թե ի՞նչ առաջարկեց, ի՞նչ մտքերով էր եկել՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ազտությանը» հաջողվել է վարչապետին հանդիպել ետդարձի ճանապարհին, երբ Փաշինյանը վերադառնում էր Երևան։

Նա վստահեցրեց՝ մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչները կիսվել են իրենց մտահոգություններով, իսկ հանդիպման տեսագրությունը կհրապարակվի։

«Բնականաբար, մեզ էլ են ասել, և մենք այդ հարցերին պատասխանել ենք։ Եվ մեր մոտեցումն այն է, որ մարդկանց բարձրացրած այնպիսի մի հարց պետք է չլինի, որը մնա անպատասխան։ Եթե մնա անպատասխան, դա նշանակում է, որ մենք լուծում չունենք հարցին», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ «այդ պատասխանով է՞ր եկել այսօրվա հանդիպմանը», վարչապետն ասաց. - «Որոշ հարցերին այո, պատասխանով էինք եկել, բայց որոշ հարցերի հետ կապված էլ ես մարդկանց ուղիղ ասացի, որ ես այսօր եկել եմ ոչ միայն հարցերին պատասխանելու, այլև հարցերը հավաքելու և այդ հարցերը կառավարության սեղանին՝ որպես օրակարգ դնելու և դրանց պատասխանի շուրջ մտածելու և պատասխանով վերադառնալու համար։ Հարցեր կային, որ տեղում դրանց սրությունը, այսպես ասած, ավելի էմոցիոնալ ու ավելի գործնական զգացի»։

Ամենակարևորը, նրա խոսքով, այն է, որ մարդկանց մտահոգությունները և անվտանգությունը, ապագայի նկատմամբ նրանց հավատը գործնականում պետք է «տեղում ցույց տալով, կառուցակարգերով հիմնավորեն»։

Անցած շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը խոստացել էր այցելել Տավուշ և զրուցել բնակիչների հետ։ Այդ օրը գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։

Ասուլիսի ժամանակ ցուցադրած մակետը

Պաշտոնական Բաքուն պահանջել է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Գյուղերի բնակիչները «Ազատության» հետ զրույցներում ասել էին, որ այդ դեպքում շրջափակման մեջ կհայտնվեն, կբախվեն բազում խնդիրների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյուղերը տալը առնվազն ճանապարհի, ջրի խնդիր է բերելու, վստահ են Տավուշի բնակիչները