Կինն ընդհատել է հղիությունը «ամուսնու ազգականի որոշմամբ»: Թեև բժիշկները բացատրել էին, որ մասնագետների հսկողությամբ ՄԻԱՎ-ով ապրող կինը կարող է առողջ երեխա ունենալ, բայց ասում է՝ ամուսնու ազգականի հոգեբանական ճնշման տակ համաձայնագիր է ստորագրել ու աբորտի գնացել:
«Ասացին՝ գնա, երեխուն հեռացրու։ Բոլորն իմանում են քո կարգավիճակը», - «Ազատությանը» պատմեց նա։
Որոշման հետ հաշտ էին նաև կնոջ ծնողներն ու անգամ ամուսինը, թեև երիտասարդ կինը պնդում է՝ ՄԻԱՎ-ը հենց ամուսնուց է իրեն փոխանցվել:
«Ամուսինս ոչ մի բան չէր ասում, սթրես էի տանում, որ երեխայիս կորցնում եմ», - ասում է նա։
Աբորտից հետո այդ նույն ազգականի որոշմամբ կինը վերադարձել է հոր տուն դարձյալ ամուսնու լուռ համաձայնությամբ։ Իսկ հիմա ծնողների տանը իր սպասքն ու սրբիչներն առանձնացված են, արգելված է խոհանոցում սնունդ պատրաստել ու քույր-եղբայրների տուն գնալը: «Ազատության» անանուն մնալ ցանկացող զրուցակիցը համառ փորձեր է արել բոլորին բացատրելու, որ վարակը փոխանցվում է բացառապես սեռական ճանապարհով, արյան միջոցով և կերակրող մորից երեխային, բայց ապարդյուն: Ամեն օր խտրական այս վերաբերմունքին մի կերպ դիմացող կինը չի կարողանում մոռանալ, թե ինչպես էր ամիսներ շարունակ երեխան շարժվում կրծքի տակ. - «Երեխան արդեն խաղում էր՝ 4-5 ամսական։ Զգում էի, որ ներսում խաղում էի, ու նայում ես, խաղ ես զգում, ու հետո որ զգում ես՝ էլ չկա այդ խաղը, չեմ կարողանում…»։
«Ոչ մեկը չի կարևորել կնոջ իրավունքը, ուղղակի հլու-հնազանդ ենթարկվել են»
«Հայաստանի հեռավոր մարզերից մեկում ապրող այս կնոջ մի քանի իրավունք միանգամից է խախտվել՝ կրթություն, իրազեկում ու հենց կնոջ իրավունք»,- ասում է շուրջ 2 տասնամյակ ՄԻԱՎ ունեցող ու ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ի ղեկավար Ժենյա Մայլիյանը։
«Ոչ մեկը չի կարևորել այս կնոջ իրավունքը, ուղղակի հլու-հնազանդ ենթարկվել են տղամարդու և նրա ընտանիքի անդամների հրահանգներին։ Մենք գիտենք, որ այսօր մեր բոլոր կանխարգելման միջոցառումների շնորհիվ հնարավոր է ունենալ առողջ երեխաներ, բայց եթե նույնիսկ նա ունենում է ՄԻԱՎ-ով ապրող երեխա, ներեցեք, իսկ դա ո՞ւմ ընտրությունն է, ո՞ւմ գործն է դա։ Կարող է նա ունենալ, և այդ ՄԻԱՎ-ով ապրող երեխան կարող է առողջ ապրել, ինչպես Հայաստանում ծնված բոլոր ՄԻԱՎ-ով ապրող երեխաները», - ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻԱՎ-ով ապրող քաղաքացին ահազանգում է՝ իրավապահներն իրեն հոգեբանական ճնշումների են ենթարկելՄայիլյանի ղեկավարած ՀԿ-ի, մի շարք տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ հրապարակվել է «ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խարանի ինդեքս» կոչվող հետազոտությունը: Ուսումնասիրությունում մանրամասն ներկայացված է, թե ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ ու թիրախային մյուս խմբերի ներկայացուցիչներն ինչ խնդիրների են բախվում Հայաստանում։ Նրանք ոչ միայն ընտանիքում, այլև իրավապահ համակարգում ու առողջապահական հիմնարկներում են խտրական վերաբերմունքի արժանանում: Ի դեպ, բժիշկներն էլ հաճախ պնդում են, թե ՄԻԱՎ ունեցող կամ արդեն ՁԻԱՀ-ի փուլում գտնվող մարդիկ բժշկի գնալիս չեն տեղեկացնում մասնագետին այդ մասին:
«Բժիշկը պետք է յուրաքանչյու բուժառուի ընդունի այնպես, ինչպես ՄԻԱՎ-ով մարդուն, այսինքն՝ խիստ պետք է հետևի գործիքների ախտահանմանն ու մնացած մյուս պրոտոկոլներին»,- հակադարձում է Ժենյա Մայիլյանը։
«Բոլոր մարդիկ այս երկրում պետք է ստանան նույնանման ծառայություններ, անկախ նրանից՝ ինքը ՄԻԱՎ ունի, ինչ սեռական կողմնորոշում ունի, ինչ գենդերային ինքնություն ունի, կամ ինքը թմրամիջոց է գործածում, թե ով է ինքը ընդհանրապես։ Կա՞ն ստանդարտներ, պետք է հետևեն այդ ստանդարտներին, իսկ այդ ստանդարտները չեն բացառում ՄԻԱՎ-ով ապրող մարդու պատշաճ առողջապահական ծառայություն ստանալը», - շեշտեց նա։
Այն, որ Հայաստանում բժիշկների աջակցությամբ ՄԻԱՎ-ով ապրող կինը կարողանում է լիարժեք առողջ երեխա ունենալ, արձանագրել է նաև ԱՀԿ-ն ու դեռ 2013թ.-ին հավաստագիր շնորհել հենց այդ առաջընթացի համար: ՄԻԱՎ-ով ապրող կինը մայիսից արդեն ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի շուրջ 80 բազմապրոֆիլային հիվանդանոցներում կարող է բուժօգնություն ստանալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻԱՎ-ով ապրող կնոջ հիվանդասենյակի դուռը երեխայի ծնունդից հետո մի ամբողջ օր ոչ մի բժիշկ չի բացելՄԻԱՎ վարակակիր ու ՁԻԱՀ-ի փուլում գտնվող մարդիկ իրենց դեղերն արդեն կարող են մարզային կենտրոններից ստանալ, այս մարդկանց արդեն նաև խնամքի կենտրոններում են ընդունում։ Ի դեպ, օրենքում այս փոփխությունը կատարվեց նաև «Ազատության» հրապարակումներից հետո: Հաջորդ ձեռքբերումն էլ այն է, որ երբ մարդն օրինակ՝ սեռական անպաշտպան հարաբերություն է ունենում կամ երբ կարծում է, որ ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը բարձր է, 71 ժամվա ընթացքում կարող է դիմել Նորքի ինֆեկցիոն կլինիկա ու ստանալ հաբ, որը կկանխարգելի վարակվելու շանսը:
«Օրինակ՝ ՄԻԱՎ-ի թեստավորումը զուգորդում ենք հեպատիտների, սեռավարակների հետազոտությունների հետ, որպեսզի մարդիկ էլ ավելի ազատ մոտենան, այդ թեստավորումն իրականացնեն», - նշեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի համակարգող Ռոզա Բաբայանը։
Վերջին տարիներին Հայաստանում ՄԻԱՎ-ի նոր դեպքերն աճում են
Ու չնայած դրական այս բոլոր առաջընթացներին՝ վերջին տարիներին Հայաստանում ՄԻԱՎ-ի նոր դեպքերն աճում են տարեկան նվազագույնը 400-500-ով: Սա մասնագետները պայմանավորում են վերջին տարիների ներգաղթի աճով։ Ու չնայած իրավապահ համակարգում կատարվող վերապատրաստումներին՝ մասնագետներն ասում են, որ ՄԻԱՎ-ով ապրող ու ՁԻԱՀ -ի փուլում գտնվող մարդիկ խուսափում են դիմել իրավապահներին, որովհետև հաճախ հենց նրանք ու հենց այդ հաստատություններում են ոտնահարվում իրենց իրավունքները, նրանց հետ շփվում են պիտակավորելով։
«Մարդու պայուսակում տեսնում են դեղ, որը ՀՌՎ դեղեր են, ասում են՝ դա նարկոտիկ է։ Այս մարդը, որպեսզի իր վրա քրեական գործ չհարուցեն, բացում է իր կարգավիճակը և ասում է՝ չէ, դա ՀՌՎ դեղեր են։ Իյա, ՀՌՎ դեղեր են, ուրեմն դու СПИД ունես։ Հետո եղբորն են ասում, որ իմիջիայլոց չգիտեր նրա կարգավիճակը, այսինքն՝ այստեղ բացի այն, որ մարդուն վատ են վերաբերվում, վատ բառեր են ասում, հեգնական ձևով են հեը շփվում, նաև անձնական տվյալներն են հանրայնացնում», - ասում է Ժենյա Մայիլյանը։
«Ազատության»՝ ՄԻԱՎ-ով ապրող անանուն զրուցակիցը շարունակում է այս խտրական վերաբերմունքը հաղթահարելով ապրել Հաայստանում՝ հուսալով, որ մի օր կրկին կհղիանա, ու այս դեպքում աշխարհում ոչ ոք այլևս չի կարող իրեն ստիպել աբորտ անել:
«Սոցիալական աշխատողների օգնությամբ արդեն գիտեմ իրավունքներս»,- ասում է կինը, որ հիմա երազում է աշխատանք գտնել ու առանձին ապրել: