ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը չպետք է հիմնված լինի Արևմուտքի հետ «սիրախաղի» վրա. Զախարովա

ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ելքը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի», նման որոշումը չի առնչվում երկրի բուն ազգային շահերին, ռուսական պետական ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հայտարարել է, թե չգիտի՝ ինչու են Երևանում քաղաքական գործիչները «Հայաստանի քաղաքացիներին պարտադրում կարծիք ՀԱՊԿ-ի բացասական դերի մասին»։

«Ինձ թվում է, որ դա չի առնչվում Հայաստանի իսկական սկզբնական և ազգային շահերին», - նշել է նա՝ Բրյուսելին մեղադրելով Հայաստանի քաղաքացիներն ՀԱՊԿ-ի դեմ տրամադրելու համար։

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Մինչդեռ, Զախարովան այսօր ևս պնդել է՝ «ՀԱՊԿ-ից երբեք վատ բան չի եղել»։ Պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչը հավելել է, որ Երևանը, այնուամենայնիվ, ինքը պետք է որոշի, բայց դա չպետք է անել «գոյություն չունեցող փաստերի» հիման վրա։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ռազմական դաշինքից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին։ Իր վերջին ասուլիսին ևս կրկնեց այդ միտքը։

Դաշինքի անդամները վեցն են՝ Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան և Բելառուս։

Երկու օր առաջ Եվրամիության օրենսդիր մարմինը՝ Եվրախորհրդարանը, գործադիր իշխանությանն առաջարկել է դիտարկել Հայաստանին Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը: Երևանից դա ողջունել են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել․ Ստանո