Գրիգորյանն ու Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման բանակցային ընթացքը

ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին ընդունել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի մասին, քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությունը, հայտնում են ԱԽ գրասենյակից։

ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էլ Բոնոյի հետ հանդիպմանն անդրադարձել է կարգավորման գործընթացին։

Ավելի վաղ Բոնոյին ընդունել էր նաև արտգործնախարար Միրզոյանը, քննարկել էին Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։

Բոնոն Հայաստանում էր նաև հունվարի սկզբին։ Երևանից հետո նա Բաքու չայցելեց։ Ադրբեջանը մերժել էր բանակցությունների համար վաշինգտոնյան հարթակը՝ Վաշինգտոնին մեղադրելով «կողմնակալ» լինելու մեջ։ Այս անգամ Բոնոն կայցելի Բաքու, թե ոչ, չի հստակեցվում։

Վաշինգտոնը պարբերաբար հայտարարում է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակմանը։