Մատչելիության հղումներ

Լուիս Բոնոն Երևանում է, հանդիպել է Միրզոյանի հետ


ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Երևանում է։ Այսօր նրան ընդունել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանն ու Բոնոն, ըստ Հայաստանի արտգործնախարարության, քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին:

Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: Մասնավորապես, շեշտվել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմության և սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի, ամուր իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա իրականացնելու կարևորությունը:

Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համատեքստում Միրզոյանը վերահաստատել է գործընթացը ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա կյանքի կոչելու հարցում Հայաստանի հետևողական մոտեցումը:

Միրզոյանը վերջին անգամ Բոնոյին հանդիպել էր Գերմանիայում՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Կողմերը տարածաշրջանում վերջին զարգացումներին անդրադարձից բացի խոսել էին ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի մասին։ Իսկ հունվարի սկզբին Բոնոն Երևանում էր, ի դեպ, Երևանից հետո նա Բաքու չայցելեց։ Բաքուն մերժել է բանակցությունների համար վաշինգտոնյան հարթակը՝ Վաշինգտոնին մեղադրելով «կողմնակալ» լինելու մեջ։ Այս անգամ Բոնոն կայցելի Բաքու, թե ոչ, չի հստակեցվում։

Վաշինգտոնը պարբերաբար հայտարարում է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակմանը։

XS
SM
MD
LG