Չկա մարգարե, որ չանարգվի իր հայրենի Սանկտ Պետերբուրգում

Ռուս երաժիշտ «Արևորդի Մարգարեն», արխիվ

Ռուսաստանում ոստիկաններն ընդհատում են «ոչ հայրենասեր» երաժիշտների համերգները:

«Քաղաքականության հետ կապ չունեմ, սիրո մասին էի երգում»

Ոստիկանները ներխուժել և ընդհատել են ռուս բլոգեր և անդերգրաունդ երաժիշտ «Պրորոկ Սանբոյի» («Արևորդի Մարգարե»), նույն ինքը՝ Գենադի Չեռնեցովի համերգը:

«Արևորդի Մարգարեին» էլ տարել են բաժանմունք: Դա տեղի է ունեցել մարտի 3-ին Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաք, նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդավայր Սանկտ Պետերբուրգում:

Փաստաբանի խոսքով՝ արտիստը մեղավոր է ճանաչվել և տուգանվել «քաղաքային երթևեկությունը խոչընդոտող չարտոնված զանգվածային միջոցառում կազմակերպելու համար»։

«Չգիտեմ, թե ինչու են ինձ բերման ենթարկել, ես կապ չունեմ քաղաքականության հետ, ես սիրո մասին էի երգել, 55 տարեկան եմ, դա հոբելյանս էր», - ասել է զարմացած «Արևորդի Մարգարեն»:

«Էլթոն» անունն ինքնին վտանգավոր է ընկալվում

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջադեպը Ռուսաստանի մի շարք քաղաքներում ոստիկանական նմանատիպ բիրտ հարձակումների սոսկ վերջին օրինակներից մեկն է:

Կրասնոյարսկում «Էլթոն» ակումբը փակվել է, երբ ոստիկանությունը ժամանել է այդ վայր՝ պահպանողական օրենսդիր Եկատերինա Միզուլինայից նամակ ստանալուց հետո: Երդվյալ պուտինական Միզուլինան ղեկավարում է «Ապահով ինտերնետի լիգա» միությունը, որն ի շարս այլ գործառույթների առցանց գրաքննություն է իրականացնում:

Ավելի վաղ Միզուլինային տեսաուղերձով դիմել էր «Պահպանողական երիտասարդություն» անվամբ խումբը, որը պնդել էր, թե փետրվարի 23-ին, երբ Ռուսաստանը նշում է «Հայրենիքի պաշտպանի օրը», տեղի էր ունենում «սադրիչ երեկույթ»:

«Վերականգնել պարկեշտությունը ժողովրդական մշակույթում»

Հաջորդ օրը ոստիկանությունը դադարեցրել է ռուսական Distemper փանք խմբի համերգը Նիժնի Նովգորոդում՝ Մոսկվայից մոտ 600 կիլոմետր արևելք:

Հանրությանը և երաժիշտներին ասել են, թե պետք է ազատել տարածքը փաստաթղթերը ստուգելուց հետո: Ներխուժման հարցով որևէ պատճառ չի նշվել՝ բացառությամբ պնդման, թե «սա կանխարգելիչ քայլ է»:

Հանրության մի հատված պնդում է, թե երկիրը պետք է պաշտպանել «արևմտյան բացասական ազդեցություններից, ներառյալ՝ ոչ ավանդական սեռական հարաբերությունները»: Այդ հայացքները կրողները ցանկանում են «ուժերը միավորել պետության հետ և վերականգնել պարկեշտությունը ժողովրդական մշակույթում»:

«Այժմ ստիպված ենք մտածել այդ {վտանգի} մասին, քանի որ կան մարդիկ, ովքեր կարող են դիմել ոստիկաններին և մեզ մեղադրել ենթադրյալ անպարկեշտության համար», - Reuters-ին ասել է Ռոման Ջուլիանը, ով Flaimheart ռոք խմբից է:

Համերգները և փոփ աշխարհի այլ միջոցառումները, որոնք ընկալվում են որպես «սադրիչ» կամ «անպարկեշտ», հետզհետե ավելի հաճախ են հայտնվում պահպանողական տարրերի ուշադրության կենտրոնում, ինչը կարծես խրախուսվում է իշխանությունների կողմից:

«Կիսամերկ երեկույթը» և հավկիթի դեֆիցիտը

Այս տարվա հունվարին ВЦИОМ-ը՝ Հանրային կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնը, նշել է, թե ըստ հարցման արդյունքների՝ ռուսաստանցիների 63 տոկոսը կողմ է գրաքննությանը զանգվածային լրատվամիջոցներում:

Իշխանություններին, Կրեմլին նվիրված օրենսդիրները, բլոգերները, պետական լրատվամիջոցների հաղորդավարները և Ուղղափառ եկեղեցին կատաղությամբ են արձագանքել անցած տարեվերջին տեղի ունեցած «կիսամերկ» երեկույթին, որի մասնակիցների թվում էին տարբեր փոփ արտիստներ և ռուսական «բոհեմի աստղեր»:

Դա հանրային քննարկումների առանցքային թեմա էր դարձել, միջոցառման մասնակիցներին խստորեն քննադատել են, սկսել են պատժել, պարտադրել են հանդես գալ հանրային մեղայական ուղերձներով: Նույնիսկ նախագահ Վլադիմիր Պուտինն է անուղղակի կշտամբել նման հավաքների անցկացումը և «վեչերինկայի» մասնակիցներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկովյան «գրեթե մերկ» հավաքույթի կազմակերպիչը և մասնակից աստղերը ներողություն են խնդրում

Այդ ամենի շնորհիվ ստվերում են մնացել իրական սոցիալական այնպիսի հարցեր, ինչպիսին էին հավկիթի և այլ պարենի աննախադեպ պակասն ու գնաճը: «Կիսամերկ» երեկույթի շնորհիվ հանրության ուշադրությունը շեղվել է դեֆիցիտի խնդրից:

Ռուսական փոփ աշխարհում սկանդալները տեղի են ունենում մի ժամանակաշրջանում, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է առանց դժվարությունների հաղթել մարտի 15-17-ի նախագահական ընտրություններում և ևս 6 տարի ժամկետով ստանձնել պետության ղեկավարումը:

Նա այս օրերին հնչեցնում է սոցիալական պահպանողականության կարգախոսներ, հոդորում է ընտանիքներին ունենալ 8 և ավելի երեխաներ: Դատարաններն էլ «ծայրահեղական» են ճանաչում որևէ շարժում, որի գաղափարները հակասում են պահպանողականությանը:

«Նույնիսկ եթե երկիրը ճիշտ չէ, պետք է աջակցեք նրան»

Ալեքսանդր Մալինինը Ռուսաստանում հայտնի երգիչ է, ունի երկրպագուների մեծ բանակ: Նրա համերգների տոմսերն արագ են վաճառվում, նա երգում է հայտնի ռուսական երգեր:

Բայց նույնիսկ նա է վերջերս քննադատության ենթարկվել այն բանի համար, որ իբր «չի հայտնել իր դիրքորոշումը Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական օպերացիայի մասին»:

Փետրվարի 23-ին Մոսկվայում Մալինինի համերգին ներկաներից շատերը «հայրենասերների» ճամբարից էին:

«Նույնիսկ եթե ձեր երկիրը ճիշտ չէ, դուք, այնուամենայնիվ, պետք է աջակցեք նրան», - Reuters-ին ասել է հանդիսատես Անդրեյ Պլատովը և ավելացրել. - «Ռուսաստանն անպարտելի է և միշտ ճիշտ»։

«Մենք բոլորս սիրում ենք մեր հայրենիքը, մեր Ռուսաստանը», - հայտարարել է հանդիսատես Նատալյա Մարանեն։