Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երեկ ընդունել է Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին։
Ըստ դեսպանության՝ Կոբախիձեն ու Սմբատյանը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրին և դրա շրջանակներում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։
Վրաստանի վարչապետնի գրասենյակի փոխանցմամբ, կողմերը խոսել են տնտեսական հարաբերությունների, առևտրի, ինչպես նաև տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության ներուժի մասին, ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։
Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը ստորագրվել է այս տարվա հունվարի վերջին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Վրաստանում էր։ Թե ինչ է ենթադրում այս համագործակցությունը ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Իրակլի Ղարիբաշվիլին այն ժամանակ չմանրամասնեցին, սակայն պնդեցին, թե օրը պատմական է:
«Այս ձեռքբերումը վերջին մի քանի տարիների մեր համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է և արտացոլում է մեր ընդհանրություններն ու նպատակասլացությունը», - նշել էր Փաշինյանը։
Հայ-վրացական հարաբերություններին ռազմավարական բնույթ հաղորդելու անհրաժեշտության մասին Հայաստանի գործադիրի ղեկավարը դեռ 2020-ին էր հայտարարել, արդեն հռչակագրի ստորագրումից հետո նա համագործակցության տասնյակից ավելի ոլորտներ էր թվարկել, որոնցում ռազմական ոլորտը չկար։ Իսկ Ադրբեջանի հետ 2023-ի նոյեմբերի վերջին հենց Թբիլիսիում քննարկվել է ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսին ու Բաքուն քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը