Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով:
Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում կարևոր և պատասխանատու այդ առաքելությունն ի շահ Վրաստանի և վրացի ժողովրդի ծառայեցնելու գործում:
Բարեկամ Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
Հավատացած եմ, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հորիզոններ է բացահայտելու բոլոր ոլորտներում երկկողմ գործակցությունն առավել ընդլայնելու համար»:
Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության և անձամբ իր պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցել Կոբախիձեի ղեկավարած կառավարության հետ՝ «ի բարօրություն մեր երկրների ու եղբայրական ժողովուրդների»: