Ամբողջ գյուղով ծանր շրջափակման մեջ ենք, դառնանում է Ներքին Հանդի բնակիչ Գագիկ Վարդանյանը։
«Է քթի տակ ա, հենե։ Սահմանը մոտիկացել ա, գյուղը սենց խեղդված ա երեք կողմից։ Մի հատ, էն որ ասում են՝ կյանքի ճանապարհ կա, գնանք Կապան, գանք։ Մի ճանապարհ ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Սյունիքի մարզի այս փոքրիկ գյուղը սահմանային դարձավ 44-օրյա պատերազմից հետո։ 2022-ի հարձակման ժամանակ էլ ադրբեջանցիները գրավեցին գյուղի բարձունքները։ Մարդիկ քնում-արթնանում են զինված ադրբեջանցիների աչքի առաջ։ Մեկ ամիս առաջ այստեղ հայկական կողմը չորս զոհ ունեցավ ադրբեջանցիների կրակոցներից։
«Շատ մոտ, անզեն աչքով տեսնում ենք։ Հենա մի քիչ քայլենք էն կողմ, տեսնելու ենք անզեն աչքով, իրենք՝ մեզ, մենք՝ իրանց։ Շատ տեղերից մենք չենք տեսնում իրենց, բայց իրենք մեզ տեսնում են», - հավելեց բնակիչներից Տիգրան Մկրտչյանը։
Անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող գյուղացիները հիմա դատարկաձեռն են մնացել։ Գյուղի դաշտերում, որ ժամանակին ցորեն ու գարի էին ցանում, «հիմա խրամատ է», ասում են նրանք։
Ադրբեջանի հսկողության տակ են նաև Ներքին Հանդի գերեզմանները։ Մարդիկ զրկված են հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից։ Գյուղի նոր հանգուցյալներն արդեն նոր հասցե ունեն։
«Չեն թողնում, որ գոնե…։ Էս քանի օրը մի մարդ մահացավ, տարած են գետի մոտ թաղած։ Դե վախենում են, որ տանեն էնդեղ։ Թուրքը հենա մեր հանգստարանում կանգնած, մեր հուշարձանումը կանգնած», - ասաց տեղացիներից Վանո Մելքոմյանը։
Ժամանակին անասնապահությամբ զբաղվող բնակիչները հիմա դրա հնարավորությունը չունեն։ Ռադիկ Բաղդասարյանի և նրա համագյուղացիների կովերը արոտ են գնացել, անվերադարձ անցել սահմանը կամ պայթել ականների վրա։ Ներքին Հանդում հիմա հաշված անասուններ են մնացել, որոնք արածելու են գնում, վերադառնում խիստ հսկողության ներքո։
Ադրբեջանցիների հսկողության տակ են հայտնվել նաև Ներքին Հանդի խմելու ջրի փականները։ Տան ծորակներից հիմա Բասուտա գետի ջրերն են հոսում։ 22-ի սեպտեմբերից գյուղացիները պաշտոնյաներից միայն խոստումներ են լսել։
«Խմելու ջուրը էդ ծեծված թեմա ա։ Թուրքը նստել ա ակունքում, ջուրը կտրել ենք, գետի ջուրն ենք խմում։ Է հարյուր հոգի եկել, ասել, հարցրել, գնացել են։ էդ ա։ Խմելու ջուրը գետի ջուրն ա, մեկ էլ աղբյուրից գնում ենք, ամանները լցնում, բերում խմում մեզ համար», - նշեց Գագիկ Վարդանյանը։
Անվտանգություն, խմելու ջուր, աշխատանք… Ռադիկ Բաղդասարյանն ասում է՝ Ներքին Հանդը ոտքի հանելու համար սրանք են պետք, բայց եթե գոնե սահմանային միջադեպեր չլինեն, գուցե գնացածները որոշեն վերադառնալ. - «Մարդ չկա։ Դատարկություն ա։ Սաղ թոշակառու, ով մեռնի՝ դուռը փակվում ա»։
Գյուղում Եվրամիության դիտորդներին երբևէ չեն տեսել, չեն տեսել նաև, որ նրանք փորձեն գյուղ մտնել։ Երեք կողմից ադրբեջանական դիրքերով շրջապատված գյուղի մուտքի մոտ դեռ 20 թվականից ռուսական հենակետ է տեղադրված։
«Ռուսները կա՛մ եղած, կա՛մ չեղած։ Հենա ընդեղ վեր ընկած, ո՞ւմ են պետք», - նեղսրտեց Գագիկ Վարդանյանը
«20 թվից էս կողմ ռուսները ստեղ են, ու միշտ էլ դեպքեր եղել են, միշտ էլ ռուսների աչքի առաջ», - իր հերթին հավելեց Տիգրան Մկրտչյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսները Սյունիքում են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրված պայմանագրով. պատգամավորը հակադարձում է Փաշինյանին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր չկա
Անցած ամսվա արյունալի միջադեպից հետո Հայաստանի իշխանությունները սկսեցին հրապարակավ դժգոհել Ներքին Հանդում իրենց իսկ կառավարման օրոք տեղակայված ռուս սահմանապահներից։ Վարչապետ Փաշինյանն խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր չկա, Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ բաց տեքստով ասաց՝ Ռուսաստանը չկարողացավ կանխել միջադեպը, պնդեց նաև, թե հասցեագրելու են խնդիրը, բայց թե ինչպես՝ շաբաթներ անց էլ պարզ չէ։ Հստակ է մեկ բան՝ ԵՄ դիտորդները դեռ Ներքին Հանդում պարեկություն չեն արել, ռուսներն էլ իրենց տեղում են։