«Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին՝ 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև Եվրամիությանն անդամակցության գաղափարը», - հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակում թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել», - ասել է նախարարը՝ պատասխանելով Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ հարցին:
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունների ներկայիս փուլի վերաբերյալ Միրզոյանն ասել է. - «Մենք ունենք Ֆրանսիայի, ԱՄՆ հետ փոխգործակցության նոր հնարավորութուններ։ ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ։ Նույնը կարող եմ ասել նաև Եվրոպական միության մասով. ԵՄ հետ մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, բայցև նայում ենք այս համաձայնագրից անդին։ Քննարկում ենք վիզաների ազատականացման հարցը, մի քանի նոր մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել մեր հարաբերություններում»։
Նախարարը հավելել է, որ «պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական միությունը ներգրավվել է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերում. գիտեք, որ ՀՀ-ում տեղակայվել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, որը մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը»: «Կարևոր է նաև նշել, որ առաքելության տեղակայումից ի վեր սահմանին լարվածությունը նվազել է, և մենք տեսնում ենք, որ առաքելությունը նպաստել է կայունությանը», - ընդգծել է Միրզոյանը՝ հավելելով. - «Այսպիսով, նոր ուղղություններ, նոր ոլորտներ ենք ընդգրկում մեր գործընկերության մեջ, և մենք դեռ գործընթացի կես ճանապարհին ենք»։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ Հայաստանի արտգործնախարարը մասնավորապես ասել է. - «Երկու երկրները վերահաստատել են, որ ճանաչում եմ միմյանց տարածքային ամբողջականությունը և համաձայնել են հետագա սահմանազատման գործընթացն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի, 1991թ. սահմանագծի հիման վրա։ Այդուհանդերձ, այժմ, երբ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին, [...] մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից դժկամություն ստորագրել այդպիսի փաստաթուղթ. նրանք պարզապես տեքստից հեռացնում են այդ հղումը, հատվածը»։
«Սա առնվազն հարցեր է առաջացնում ՀՀ դիվանագետների շրջանում, քանզի կան կասկածներ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Խուսափելու համար նմանօրինակ սցենարից կամ սխալ ընկալումից, եթե դա սխալ ընկալում է՝ Ադրբեջանը կարող է պարզապես ստորագրել իմ նշած տեքստի ներքո, վավերացնել այն», - Արտգործնախարարության լրատվականի փոխանցմամբ՝ ընդգծել է Արարատ Միրզոյանը:
Հարցին, թե Ադրբեջանի հետ բանակցությունների ո՞ր հարթակն է համարում առավել հարմարավետ կառուցողական քննարկումների համար, նախարարն արձագանքել է. - «Կարճ պատասխան՝ բոլոր հարթակներում։ Միակ խնդիրն, առնվազն իմ անձնական տպավորությամբ, մյուս կողմից բացակայող քաղաքական կամքն է՝ կնքել խաղաղության համաձայնագիրը»։
Բանակցություններում Թուրքիայի միջնորդության վերաբերյալ էլ Միրզոյանն ասել է. - «Մենք կարող ենք ասել, առնվազն ընկալումն այդպիսին է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը սովորաբար միջնորդության միջավայր չի ձևավորում։ Այդուհանդերձ, մենք ներկայացրել ենք մեր ընկալումները, և ծավալվում է կառուցողական քննարկում նաև այս հարցում»։
Տես նաև այստեղ