Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հստակեցրեց՝ ռուս սահմանապահներից հրաժարվում են միայն «Զվարթնոց» օդանավակայանում, Հայաստանի մյուս հատվածներում, այդ թվում՝ հայ - թուրքական սահմանին, նրանք կշարունակեն ծառայությունը։
«Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ, ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում՝ իհարկե, շնորհակալություն հայտնելով», - այսօր իր կիպրոսցի գործընկերոջ հետ հանդիպմանն ասաց Միրզոյանը, - «Հայտարարությունը եղել է միայն «Զվարթնոց»-ի մասին, հետևաբար խոսում ենք «Զվարթնոց»-ի մասին»։
Արտաքին գործերի նախարարը չհստակեցրեց՝ ե՞րբ ու ի՞նչ խողովակներով է Երևանը Մոսկվային ծանուցել, միայն ժամկետներից խոսեց՝ պատասխանելով հարցին՝ երբվանի՞ց ռուսները կփոխարինվեն։
«Ծանուցումն արվել է համապատասխան ծառայությունների միջոցով, ինքս գուցե հիմա ճիշտ չներկայացնեմ տեխնիկական մանրամասները, բայց կարծում եմ, որ մեծ ժամկետների մասին չի խոսքը», - նշեց նա։
Երևանն ուզում է, որ «Զվարթնոց»-ում ծառայություն իրականացնեն միայն հայ սահմանապահները։ Խոսքը միայն ռուսների ֆիզիկական ներկայությա՞ն, թե՞ նաև մեկնող-ժամանողների բազային հասանելիություն չունենալու մասին է, նախարարն ասաց. - «Խոսքն ամբողջ փաթեթի, եթե կարող ենք այդպես անվանել, լիազորությունների ամբողջական կատարման մասին է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ն ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն հայ սահմանապահներ մնանԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ հարցումներ չեն եղել․ Պեսկով
Մոսկվայից մոտ 24 ժամ է՝ արձագանք չկա, երեկ առավոտյան Կրեմլից պնդել էին, թե «Զվարթնոց»-ի մասին հարցում չեն ստացել։ Ռուս սահմանապահները 90-ականներից են ծառայություն իրականացնում Հայաստանում։ Ինչպես նախարարը պնդեց, նրանք Հայաստանի սահմաններին հայտնվել են՝ աջակցելու նորանկախ հայկական պետությանը։
«Նախատեսված է այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա: Եվ ահա, հիմա մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և այս մասին ծանուցել ենք ռուսական կողմին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցը այդքանով կլուծվի», - նշեց նախարարը։
Ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն. Կիպրոսի ԱԳ նախարար
Միրզոյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանեց իր կիպրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։
Հայաստանի առաջ մղած երեք սկզբունքների՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, 1991-ի սահմանագծով սահմանազատման ու ինքնիշխանության սկզբունքով ապաշրջափակման հարցերի շուրջ, ասաց, աշխատանքը շարունակվում է։
«Առաջընթացի դեպքում, իհարկե, բոլորդ տեղյակ կլինեք», - նշեց նա։
Կոնստանտինոս Կոմբոսի հայտարարությունը հստակ էր՝ հարկադրանքը և ուժի կիրառումը չեն կարող լինել երկխոսության ու վեճերի խաղաղ կարգավորման այլընտրանք։
«Ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։ Մենք՝ իբրև միջազգային համայնք, պարտավոր ենք դեմ լինել ագրեսիային և աջակցել Հայաստանին», - ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիպրոսը կողմ է ԵՄ առաքելության ավելացմանը ՀայաստանումԿիպրոսի արտգործնախարարը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական աջակցություն էր խոստանում, այդ թվում՝ ԵՄ-ին ավելի մոտ լինելու ճանապարհին. - «Կիպրոսն աջակցում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացմանն ու ԵՄ առաքելության ներկայության ավելացմանը Հայաստանում։ Կաջակցենք տնտեսական և քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանին կմոտեցնեն Եվրամիությանը»։
Չնայած հենց իշխանության ամենաբարձր օղակներից հնչած հայտարարություններին, որ Հայաստանի ցանկությունը Եվրամիության անդամության թեկնածու դառնալն է, արտգործնախարարը այս թեմայի վրա չծանրացավ, բայց Բրյուսելի հետ խորացող հարաբերություններից խոսեց. - «Մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը, բայց ինչպես գիտեք, ԵՄ հետ համատեղ մենք հիմա փորձում ենք տեսնել ինչ նոր գործիքներ և մեխանիզմներ կարող են ավելացվել մեր՝ Հայաստան-ԵՄ օրակարգում. մի քանի գործիքների մասին հրապարակավ առիթներ ունեցել ենք խոսելու, այդ թվում՝ օրինակ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին»: