Ողջի գետի աղտոտման մասին Թեհմինե Ենոքյանի, իսկ Արծվանիկի պոչամբարի վտանգավորության մասին՝ Օլեգ Դուլգարյանի հրապարակումներից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը բնապահպանների դեմ հայց է ներկայացրել դատարան։
«Իրավատեր կապանցիներ» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր չորս օր անընդմեջ տեսանյութ այն մասին, որ Ողջի գետն ուղղակի թափոնների մեջ է, և ուղիղ եթեր էին արել՝ դրանք կեղծելու ենթակա կադրեր չէին, և հասարակական կազմակերպությունը Կապանից ահազանգել էր, ինձ էր զանգել, ինձ էր գրում, ես էլ փորձեցի տարածեմ՝ ինչ ձևակերպում իրենք տվել էին, նույն ձևակերպումը ես արտատպեցի իմ ֆեյսբուքյան էջում», - «Ազատությանը» պատմեց Ենոքյանը:
Պղնձամոլիբդենայինը բնապահպաններից զրպարտության համար պահանջում է 6-ական միլիոն դրամ։ Թեհմինե Ենոքյանի գնահատմամբ՝ այստեղ իր պատասխանատվությունն ունի նաև Կառավարությունը, որին պատկանում է կոմբինատի բաժնետոմսերի շուրջ 22 տոկոսը. - «Ես կարծում եմ՝ այո, ունի: Ի վերջո, ազդակիր համայնքի բնակիչները, ովքեր որ ամեն օր կրում են ազդեցություն տարբեր տեսակի՝ առողջական, բնապահպանական, սոցիալական և ոչ միայն, էս խնդիրների մասին ունեին միայն բնապահպանական ՀԿ-ների կամ ընդհանրապես իրավապաշտպանների աջակցությունը, և ունեն իրականում: Էս հայցերը մեր դեմ են բացվել, որպեսզի մենք լռենք և իրենց բարձրաձայնած խնդիրներին չարձագանքենք»:
Լոռու մարզում գործունեություն ծավալող բնապահպան Օլեգ Դուլգարյանի դեմ բողոքն էլ է հասել դատարան։ Տարակուսած է՝ ինչպե՞ս կարող է հերքել տեսակետն այն մասին, որ պոչամբարները բացասական ազդեցություն են թողնում մարդկանց վրա։
«Օրինակ, հնարավոր է՝ պոչամբարը վնասվում է, այսինքն՝ դրա հերքումը ո՞րը պետք է լինի: Այսինքն՝ ինքը լրիվ կարծիք է, որը որ փորձագիտական կարծիք կարող է լինել, որտեղ նշվում է, որ պոչամբարներին հատուկ է աղտոտել շրջակա միջավայրը, փաստորեն՝ դա, օրինակ, դիտարկվում է զրպարտություն: Այսինքն՝ պետք է ասեմ, որ ոչ, պոչամբարները օգտակար են շրջակա միջավայրին և նպաստում են մարդկանց առողջությանը, երևի թե նման ձևակերպումներ ենք տալու», - ընդգծեց Դուլգարյանը:
Գործադիրից դեռևս չեն արձագանքում բնապահպանների այս պնդումներին, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից պնդում են՝ դատարան դիմելուց առաջ առաջարկել են հերքել զրպարտությունը, բայց մերժում են ստացել, իրենք էլ այլ ելք չեն ունեցել, քան՝ դատարան դիմելը։
Ընկերության՝ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն այսօր լրագրողների հետ զրույցում կոչ արեց ակտիվիստ բնապահպաններին՝ չօգտագործել զրպարտության լեզուն։ Ստեփանյանը, միաժամանակ, համագործակցության կոչ արեց։
«Այսինքն, դա ոչ մի լավ բան չի անում, շեղում է իրական խնդիրներից: Իրական խնդիրները շատ շատ են, որոնց մասին մենք փորձում ենք խոսել, խոսել, բայց շատ անգամ մեր խոսքը չի լսվում, որովհետև վախերով են կառավարում մարդկանց՝ քաղցկեղով, չեղած խնդիրներով, և այլն, և այլն, ու շեղվում ենք իրական ճանապարհից», - ասաց Արմեն Ստեփանյանը:
Մինչդեռ բնապահպանները հակադարձում են՝ իրենց դեմ դատական հայցերով ընկերությունը խախտում է ազատ խոսքի իրավունքը։
«Գործելաոճը ընդհանրապես՝ ինքը ժողովրդավարական պրոցեսներին մաս չի կազմում և ժողովրդավարական երկրներին ոչ բնորոշ է, որովհետև կարծիքը չի կարող լինել զրպարտություն՝ նախ սկսենք դրանից», - ընդգծեց Օլեգ Դուլգարյանը:
Բնապահպանները պնդում են՝ հանքարդյունաբերողն այս խոշոր փխհատուցումներով ուզում է լռեցնել թե՛ իրենց, թե՛ այդ տարածքներում ապրող մարդկանց։
«Բայց չարաչար սխալվում են: Էսօր միջազգային շատ մեծ աղմուկ կա, լուրջ կազմակերպություններ են՝ Front Line Defenders-ը, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի գրասենյակը, ԵՄ-ի Միշել Ֆորստի գրասենյակը, Օրհուսի կոմիտեն. էս կառույցները բոլորը մեր կողքը կանգնած են, իրենք հայտարարություններով հանդես են եկել, դատապարտել են էս գործողությունները, ինչ որ անում են ընկերությունները», - նշեց Թեհմինե Ենոքյանը:
Ենոքյանը շեշտում է՝ չեն լռելու։ Ասում է՝ «եթե լռելու լինեի, մյուս հանքարդյունաբերողի՝ «Լիդիան Արմենիա»-ի հետ դատական վեճից հետո այևս չէի խոսի բնապահպանական խնդիրներից»։ 2022-ին դատարանը Ենոքյանից հօգուտ «Լիդիան»-ի որպես զրպարտության փոխհատուցում գանձել էր ավելի քան 1 միլիոն 200 հազար դրամ։ Բնապահպանը դիմել է Եվրոպական դատարան։
Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա»-ն էլ վերջերս իր բաժնետոմսերի 12.5 տոկոսն է նվիրել Կառավարությանը։ Բնապահպան Ենոքյանը հաշվել է՝ այս ընկերությունը մոտ երկու տասնյակ դատական հայցեր ունի տարբեր մարդկանց դեմ ՝ընդհանուր 20 միլիոն դրամ պահանջով։
«Լիդիան»-ից մեկնաբանություն ստանալ այսօր չհաջողվեց։