Զախարովան կոչ է անում չքաղաքականացնել իր՝ ադրբեջանական «հաղթանակի խորհրդանիշ» կրծքազարդը նվեր ստանալը

Զախարովան ընդունում է ադրբեջանցու նվերը, արտապատկերում eadaily.com կայքից

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում հորդորել է չքաղաքականացնել Ադրբեջանի պատվիրակության կողմից իրեն տրված նվերի խնդիրը:

Ավելի վաղ Սոչիում անցկացվող Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակում ադրբեջանական պատվիրակության անդամը Զախարովային նվիրել է ծաղկի տեսքով կրծքազարդ՝ Ադրբեջանի «հաղթանակի խորհրդանիշ» (ադրբեջաներեն՝ «Խարիբյուլբուլ»): Այն նվիրված է Ադրբեջանի հաղթանակին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված և նոյեմբերի 9-ին ավարտված 44-օրյա պատերազմում:

«Սա ևս մեկ չափազանցված պատմություն է», - ասել է Զախարովան, ավելացնելով, թե ինքը Սոչիում բազմաթիվ նվերներ է ստացել տարբեր պատվիրակություններից, մասնավորապես՝ պաղեստինցիներից՝ «Պաղեստին» մակագրությամբ նվեր, արգենտինացիներից՝ մի կրծքանշան, Չինաստանի ներկայացուցիչներից՝ պանդաներով զարդարված հուշանվեր և այլն:

«Սա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է քաղաքականացնել։ Ես կիսում եմ որոշ բաներ, առաջին անգամ եմ իմանում որոշ բաներ, կարող եմ չհամաձայնել որոշ բաների: Մարդիկ խոսում են այն մասին, ինչ վերաբերում է իրենց։ Սա բացարձակապես նորմալ ընթացք է, երբ մարդիկ գալիս են ու տալիս իրենց համար կարևոր խորհրդանիշներ և դրանց միջոցով պատմում են իրենց պատմությունները»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան ավելացրել է, թե դեռ չի դիտել բոլոր նվերները, և վերստին կոչ է արել չտրվել սադրանքներին։