Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների թեմային: Նրա խոսքով, Հայաստանը կարող է դառնալ «Արևմուտքի զոհը՝ գայթակղված և խաբված»։
«Երևանի որոշ քաղաքական գործիչներ Հայաստանի հանդեպ Եվրոպական միության հանկարծակի մեծացած ուշադրությունն ընկալում են որպես դարման կամ խայծ։ Մենք պետք է ավելի խորը նայենք: Ցավոք, Հայաստանում մի շարք քաղաքական գործիչներ չեն էլ մտածում այն մասին, որ Հայաստանը վերածվում է արևմտյան աշխարհաքաղաքականության հերթական գործիքի, արևմտյան զվարճանքի», - ասել է Զախարովան:
Նրա պնդմամբ, Հայաստանն Արևմուտքի համար դառնում է ընդամենը հենակետ Հարավային Կովկաս մտնելու համար: ՌԴ ԱԳՆ խոսնակը համեմատություններ է անցկացրել մի շարք այլ երկրների հետ և պնդել, որ Արևմուտքը գեղեցիկ խոստումներ է տալիս, բայց դրանք չի կատարում և այս կամ այն երկիրը թողնում է ավերակների մեջ, ինչպես Ուկրաինայի պարագայում է:
Մոսկվայի և Երևանի հարաբերություններում վերջին ամիսներին ակնհայտ լարվածություն է առաջացել: Հայաստանը բազմիցս նշել է, որ ռուսական կողմը չի կատարել պայմանագրերով ստանձնած պարտավորությունները և արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել ոչ Լեռնային Ղարաբաղում հայության անվտանգությունն ապահովելու և ոչ էլ՝ իբրև ՀԱՊԿ առաջատար անդամ, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի որոշ հատվածների գրավումը միանշանակ դատապարտելու համար:
Պաշտոնական Երևանը նկատել է տվել, որ ցանկանում է հնարավորինս մերձենալ Եվրոպային և անվտանգության ասպարեզում համագործակցել Արևմուտքի հետ:
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։