Հայաստանը դեռևս չի արձագանքել մտահոգությունները փարատելու նպատակով միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին, այսօր Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է ՌԴ արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան։
«Նախկինում մենք առաջարկել ենք, որ հայ դաշնակիցների հետ անցկացվեն միջգերատեսչական խորհրդակցություններ, որպեսզի առարկայորեն քննարկվեն և լուծվեն մտահոգությունները, դեռ պատասխան չկա, գուցե կհայտնվի, գուցե հենց հիմա: Նրանք այդ մեր նախաձեռնությանը դեռ չեն արձագանքել»,- ասել է Զախարովան:
Միջոցառումը կազմակերպվել է Սիրիուս ավանում, որը Կրասնոդարի մարզում Սոչիի արվարձան է և ներկայումս ունի դաշնային տարածքի կարգավիճակ:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հավելում է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները բազմիցս քննադատական հայտարարություններ են հնչեցրել Ռուսաստանի հասցեին:
Երևանը բաց է թողել ինտեգրման ձևաչափերով նախատեսված մի շարք հանդիպումներ, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին և հայտնել է, որ հանրապետությունը սառեցրել է մասնակցությունն այդ կառույցին: Ավելին՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է, թե Երևանը դե ֆակտո սառեցրել է անդամակցությունը և կարող է նաև դե յուրե սառեցնել, եթե Մոսկվան շարունակի չկատարել իր դաշնակցային պարտավորությունները
Ռուսաստանի ԱԳՆ-ում արձանագրել են, որ ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկայի նվազումը չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվան ցանկանում է պատասխան ստանալ Երևանից պարտավորությունների կատարման և համատեղ ինտեգրման կառույցների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի ծրագրերին մասնակցելու վերաբերյալ:
Ըստ Լավրովի՝ Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականությունն ի սկզբանե սխալ համարելու մասին Երևանից հնչող հայտարարությունները կարող են հանգեցնել երկկողմ հարաբերությունների էական վերանայման։