Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, հայտնում են Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ըստ էության հաստատելով՝ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։
Ներքին Հանդի արյունալի դեպքերից հետո թեման բարձրացրած վարչապետ Փաշինյանը չէր հստակեցրել՝ արդյոք 4 գյուղերի վերադարձ պահանջող Ադրբեջանը հրաժարվում է հետ քաշվել 31 հայկական տարածքներից։ «Ազատություն»-ը հարցը փոխվարչապետի գրասենյակին էր ուղղել, նաև փորձել ճշտել՝ որոնք են այդ 4 գյուղերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ իշխանությունը չի բացառում՝ Ադրբեջանը կարող է Հայաստանի դեմ նաև պատերազմ սկսել«Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ», - պատասխանել են փոխվարչապետի գրասենյակից:
Ադրբեջանի պահանջած այս տարածքները Տավուշի մարզում են՝ հիմնականում անբնակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը:
31 և 4 գյուղերին անդրադառնալիս՝ վարչապետը անուններ չէր տվել։
Մհեր Գրիգորյանի գրասենյակից փաստացի առաջին անգամ հրապարակել են Հայաստանի պահանջած 31 ոչ անկլավային տարածքների մանրամասն ցանկը։
Դրանց մի մասը Ադրբեջանի տիրապետության տակ է անցել դեռ 90-ականներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, մյուսը՝ 21-22-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով։
Ոչ անկլավային այդ տարածքները, որոնք պաշտոնական Երևանը կենսական նշանակության է համարում, հինգ մարզերում են.
- Տավուշում՝ Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն, Պառավաքար, Մովսես, Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր,
- Սյունիքում՝ Քաջարանց, Սալվարդ, Գորհայք, Սառնակունք, Անգեղակոթ, Աղիտու, Նորավան, Վաղատին, Վերիշեն, Խոզնավար, Տեղ, Ներքին Հանդ,
- Արարատի մարզում՝ Պարույր Սևակ,
- Գեղարքունիքում՝ Սոտք, Կութ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Ակունք, Կախակն, Կուտական,
- Վայոց ձորում՝ Ջերմուկ։
Դեռ մեկուկես տարի առաջ, մինչդեռ, Գլխավոր շտաբի պետը լավատես էր, թե Ջերմուկի դիրքեր հասած ադրբեջանցիների հեռանալը օրերի հարց է: «Կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբի սնուցում չլինի՝ թե՛ սննդով, թե՛ ջրով, մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս դալու», - ասել էր Էդվարդ Ասրյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի զինուժը նախկին 11-12 կմ-ի փոխարեն այժմ 4,5 կմ է հեռու Ջերմուկից, բայց շրջափակման մեջ է. ԳՇ պետ«Էսօր մեր գերեզմանը չենք կարողանում գնանք, որովհետև էդ պոստերը թուրքերինն ա, մեր հողերը չենք կարողանում մշակենք». - երեք կողմերից ադրբեջանցիներով շրջապատված Ներքին Հանդի բնակիչները նաեւ արոտավայրեր չունեն, զրկվեցին 2022-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ։
Հայաստանի պաշտոնյաները խոսում են ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող 200 քկմ հայկական տարածքի մասին։
Ադրբեջանի նախագահը, մինչդեռ, հայտարարել է. - «Իհարկե, մենք մեկ քայլ անգամ ետ չենք գնա թե՛ 2021-ի մայիսի, թե՛ 2022 սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ պետք է այդ սահմանը հաստատվի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն մերժում է Երևանի առաջարկները, մյուս կողմից հայտարարում, թե կողմ է պայմանագրի ստորագրմանըՄինչ Ալիևն ուղիղ ասում է, որ ետքայլ չեն անի, Երևանից հայտարարում են՝ ամեն ինչ պետք է փոխադարձ լինի։
«Ուղղակի օդում հնչեցնել պահանջներ որոշ գյուղերի կամ որոշ տարածքների վերաբերյալ՝ անընդունելի է: Շատ կարևոր է, որպեսզի սահմանազատման հանձնաժողովների նիստերի ընթացքում վերահաստատվի, որ սահմանազատման գործընթացթում որպես քաղաքական հիմք պետք է ընդունվի Ալմա-Աթայի հռչակագիրը, և որպես տեխնիկական հիմք՝ վերջին շրջանի խորհրդային քարտեզները: Արդեն շատ հեշտ կլինի նաև էդ 4, 31 կամ այլ տարածքների և գյուղերի հարցերը քննարկել», - հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Սահմանազատման հանձնաժողովի վերջին՝ հունվարյան հանդիպումից կողմերը ոչ մի մանրամասն չներկայացրին։ Հիմա էլ հրաժարվում են պատասխանել՝ արդյո՞ք սահմանազատման հանձնաժողովների վերջին նիստում քննարկվել է 4 ու 31 գյուղերի հարցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման հանձնաժողովները քննարկում են համատեղ գործունեության կանոնակարգը. Մհեր ԳրիգորյանՄասնավորապես հղում են արել երկու հանձնաժողովների աշխատակարգին, թե հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրությունից զատ պարզաբանումներն անթույլատրելի են։ Այդ աշխատակարգը հաստատվել է Փաշինյանի ղեկավարած Կառավարության՝ անցած դեկտեմբերի 14-ի նիստում։