Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովներն այս փուլում քննարկում են համատեղ գործունեության կանոնակարգը, որի ավարտից հետո այն կդրվի ներպետական շրջանառության մեջ՝ որպես օրենքի նախագիծ, խորհրդարանում հայտարարեց փոխվարչապետ, հայկական կողմի սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը:
«Մենք առաջին փուլում քննարկեցինք և հաստատեցինք աշխատակարգը, այս փուլում քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, որը շատ ավելի մեթոդական նկարագրություն է պարունակելու, երբ սա ավարտենք, երկու երկրներին էլ տվյալ փաստաթղթի նախագիծը կդնեն ներպետական շրջանառության մեջ՝ որպես օրենքի նախագիծ», - ասաց Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ի՞նչ փուլում են սահմանազատման հանձնաժողովների աշխատանքները:
Ըստ փոխվարչապետի՝ եթե կողմերը մնան սկզբունքային դիրքորոշումների շրջանակում և փաստաթղթի նախագծման տրամաբանությունը բխի Ալմաթիի հռչակագրից, մի քանի ամսից կանոնակարգի նախագիծը պատրաստ կլինի, որը կպարունակի աշխատանքի մեթոդաբանությունը:
Մհեր Գրիգորյանը, սակայն, ոչինչ չհայտնեց հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին: