Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացել է՝ «Մայր Հայաստանի» արձանի հարևանությամբ նոր կորտեր կկառուցվեն, հետո կքանդվի մյուսը։ Թենիսի ակումբի սեփականատերը «Գեյմ-Սերվիս» «Արարատ» թենիսի ակումբն է: Նրանք դեմ չեն կանաչապատմանը, բնականաբար դեմ են կորտերի քանդմանը: Կառավարությանը դատի են տվել, այս փուլում գերադասում են չխոսել:
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը քաղաքային իշխանությանը Հյուսիսային պողոտայի վիճահարույց օտարումն է հիշեցնում, երբ բազմաթիվ սեփականատերեր հաղթեցին Եվրադատարանում, պետությունն էլ խոշոր փոխհատուցումներ վճարեց։ Պնդում է՝ նույն սխալներն են արվում հիմա։
«Ֆիրդուսը ոչ մի բանով չի տարբերվում Հյուսիսային պողոտայից, թենիսի կորտերը ոչ մի բանով չեն տարբերվում Հյուսիսային պողոտայից։ Հիմա մենք մոռանում ենդ այդ բոլորը ու նույնը կրկնում ենք, մի տեղ չենք անում է ախր։ Պատկերացրեք՝ հիմա Նորագյուղ, Կոնդ, Ֆիրդուսի, թենիսի կորտեր, մնացածի մասին չենք ասում, բայց պետք է հասկանալ՝ Հյուսիսային պողոտան ոնց որ խարան մնացել է այդ ժամանակվա իշխանությունների վրա, մենք գիտենք, որ այդ ժամանակվա նախագահին, քաղաքապետին, գլխավոր ճարտարապետին ոնց են մարդիկ հիշում։ Իրենց էլ են այդպես հիշելու», - ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքապետարանը հաստատեց Օղակաձև զբոսայգու տարածքի վերակառուցման ծրագրի և «Էվոկաբանկի» նվիրատվության կապը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մայր Հայաստան»-ի հարակից ավտոկայանատեղին ավելի նպատակահարմար է թենիսի կորտերի համար. վարչական շրջանի ղեկավար«Օղակաձև զբոսայգու տարածքի վերակառուցման առաջարկն արել են, երբ «Էվոկաբանկի» սեփականատերն անցած մայիսին 254 միլիոն դրամի նվիրատվություն էր անում քաղաքապետարանին», քաղաքապետարանի պաշտոնական այս պատասխանից հետո ծրագրի քննադատներն ասացին՝ ոչ թե կանաչապատումն է հիմքում, այլ բիզնես շահը:
«Ես լրիվ հասկանում եմ լավ բան անելու ցանկությունը, բայց եթե լավ բանը դու չես մտածում, և դու վստահ ես, որ դու ամենախելոք մարդն ես և ամեն ինչ կարող ես անել, վերջում դու տապալելու ես։ Ամենակարևոր բանը՝ պետք է գետառը բացել, պետք է քանդել այդ ճանապարհը, բայց գալ, միայն օղակաձև այդ հատվածը դիտարկել, բարելավել չի լինում, օղակաձև մի ամբողջական համակարգ կա։ Այս տեսակ դրվագային քայլը, որոնց մեջ կա մի քիչ պոպուլիզմ, մի քիչ տնտեսական էֆեկտ ստեղծելու նաիվ ցանկություններ, վտանգավոր են», - նշեց Սարհատ Պետրոսյանը։
Հենց «Էվոկաբանկի» սեփականատիրոջն է պատկանում «Գրինռոք մենեջմենթ» ընկերությունը, որը պետք է կառուցապատի Օղակաձև այգին: Մյուս փաստարկն էլ կա՝ սովորաբար այգիներում կորտեր ու սպորտային այլ տարածքներ կան, ինչո՞ւ են ուզում քանդել հին Երևանի մասնիկը։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն այսօր ասաց՝ իրենց դիրքորոշումը նույնն է, երբ տեխնիկան մտնի կորտեր, իրենք էլ բուլդոզերների առջև կկանգնեն: Սա նաև Աբգարյանի թիմակիցը՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էր հանրային լսումների ժամանակ հայտարարել։
«Օղակաձև այգին հանրային փոքր կենտրոնի միակ երևելի կանաչապատ տարածքն է»,- հակադարձում է քաղաքապետ Ավինյանն ու քննադատներին է՛լ դեղին մամուլ անվանում, է՛լ պսևդոփորձագետներ ու ոչ միայն. - «Ակումբը լինելու է մեկ այլ վայրում, գործելու է անպայմանորեն, ավելի լավ պայմաններում, իսկ բոլոր մնացածներին, ովքեր «ճանճերի» նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որպեսզի որոշակի փոքրիկ քաղաքական դիվիդենտներ շահեին, ցավով պետք է նշեմ, որ կարծում եմ՝ դա չի ստացվելու»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պետք լինի, բուլդոզերների տակ էլ ենք պառկելու». Մարությանը՝ Օղակաձև այգու թենիսի կորտերը քանդելու մասինԻսկ թե ինչ է լինելու կորտերի փոխարեն, դեռ այնքան էլ հստակ չէ։ Քաղաքապետարանը նախորդ տարի մի խիստ նախնական նախագիծ էր հրապարակել։ Քաղաքապետարանից փոխանցեցին՝ դա դեռ կփոխվի: