Աթենքը չի բացառում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ գործակցությունը ռազմական ոլորտում: Այս մասին Հունաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց Երևանում՝ հայ պաշտոնակցի հետ քննարկումներից հետո։
«Մենք ունենք հաջող եռակողմ պաշտպանական գործակցություն Կիպրոսի հետ։ Բայց հնարավոր է գոյություն ունենան այլ եռակողմ, քառակողմ գործակցություններ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ կարևոր երկրներ, կարևոր ուժեր, որոնք ընդհանուր բարեկամներ են թե՛ Հայաստանի ու թե՛ Հունաստանի համար», - ասաց Նիկոլաոս Դենդիասը Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Մինչ այդ, Երևանն ու Աթենքն է՛լ ավելի են խորացնում գործակցությունը ռազմական ոլորտում: Կողմերն այսօր Երևանում քննարկել են առաջիկա անելիքները:
«Մենք ստորագրել ենք այս տարվա ռազմական համագործակցության մի շարք ծրագրեր, որոնք ավելի կմոտեցնեն երկու երկրների զինված ուժերին դասընթացների, վերապատրաստումների միջոցով», - նշեց Հունաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Աթենքը նոր լիցք են հաղորդում ռազմատեխնիկական համագործակցությանըՀունաստանի ազգային պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Երևանում է հայաստանցի գործընկերոջ հրավերով։ Սուրեն Պապիկյանն ու Նիկոլաոս Դենդիասը պայմանավորվել են երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական գործակցությանը։
«Քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես կարևորել ենք 2023 թվականի դեկտեմբերին իմ՝ Հունաստան կատարած այցի ընթացքում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո ռազմատեխնիկական համագործակցությանը նոր շունչ հաղորդելը», - հայտարարեց Պապիկյանը:
Հայաստանի ու Հունաստանի` անցած տարեվերջին կնքված ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վերաբերյալ կողմերը շատ փակագծեր չեն բացում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերին հաղորդել էր, որ Երևանն ու Աթենքը պայմանավորվել նոր թափով զարգացնել համագործակցությունը՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը և Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են կնքելԵրևանն ակնկալում է նաև հունական կողմի աջակցությունը Զինված ուժերի բարեփոխման հարցում։
«Պարոն Դենդիասին ներկայացրել եմ Հայաստանում տեղի ունեցող պաշտպանական բարեփոխումների ընթացքը և կարևորել եմ բարեկամ Հունաստանի փորձագիտական և գործնական աջակցության կարիքն այս հարցում», - ասաց Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Անցած շաբաթասկզբին աշխատանքային այցով Աթենքում էր Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ իր այցը նոր խթան կդառնա երկկողմ հարաբերություններին՝ տնտեսականից մինչև անվտանգություն:
«Պաշտպանության ոլորտում մենք ունենք համագործակցության բավականին երկար պատմություն, և համոզված եմ, որ այդ մեր համագործակցությունը ավելի արդյունավետ կդառնա: Ուզում եմ ընդգծել, որ մեր հարաբերություններում ամենևին էլ երկրորդական դեր չի կատարում այն, որ երկու երկրները առանցքային նշանակություն են տալիս բարեփոխումներին ընդհանրապես և ժողովրդավարական բարեփոխումներին մասնավորապես, և սա շատ կարևոր արժեքային հենք է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար՝ ոչ միայն Հունաստանի, այլև՝ Եվրամիության հետ ընդհանրապես», - ասել էր Փաշինյանը:
Այսօր արդեն Երևանում հույն նախարարը հայտարարեց՝ Աթենքը սկզբունքորեն դեմ է ցանկացած ռազմական գործողության տարածաշրջանում և կողմ է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանը միջազգային օրենքների շրջանակներում։
«Այսօր մենք ականատեսն ենք շատ զգայուն միջավայրի, նվաճողականության՝ որոշ ուժերի կողմից, որոնք խախտում են միջազգային իրավունքը, միջազգային պայմանագրերը, ՄԱԿ-ի սկզբունքներն ու արժեքները, ուստի ամբողջ աշխարհը պետք է ստեղծի ընդհանուր անվտանգային միջավայր՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար», - ասաց Դենդիասը:
Նիկոլաոս Դենդիասն այսօր այցել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Հույն նախարարին ընդունել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ՀՀ բարեկամության շքանշանով պագևատրելով նրան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդունելով Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին, մասնավորապես ասել է. - «Իհարկե, մեր երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը նոր բան չէ, կարծում եմ՝ բավականին մեծ փորձ ունենք այստեղ, բայց այս նոր հանգամանքների բերումով հետաքրքրությունն է՛լ ավելի է աճում, և շատ կարևոր է ունենալ պատշաճ քաղաքական կամք՝ հասցեագրելու այս նոր պահանջները և հնարավորությունները, և կառավարել բոլոր մարտահրավերները»: