Գազայում մարդիկ սոված են, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ու հորդորել Իսրայելին «մեծացնել օգնության հոսքը»:
Նա ընդգծել է անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին, որ թույլ կտա դուրս բերել իսրայելցի պատանդներին։
BBC-ին նշում է, որ Իսրայելը չի մասնակցել Եգիպտոսում զինադադարի հարցով բանակցություններին՝ հայտարարելով, թե «Համաս»-ը ողջ մնացած պատանդների ցուցակ չի տրամադրում։
ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ը BBC-ին հայտնել է, որ չի կարող դա անել՝ Իսրայելի ռմբակոծության պատճառով:
«Գործնականում անհնար է իմանալ, թե ով է դեռ ողջ», - ասել է «Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյա Բասեմ Նաիմը:
«Համաս»-ի ներկայացուցիչներն ու միջնորդները ԱՄՆ-ից և Քաթարից Կահիրեում են՝ նախատեսված բանակցությունների համար:
Մինչ այդ, հրադադարի և փոխանակման թեման քննարկվել է Փարիզում և Դոհայում։ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ համաձայնությունը ձեռք կբերվի մինչև մարտի 10-ին մեկնարկող Ռամադանը:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք «Համաս»-ի կատարած անսպասելի գրոհից հետո: Պատերազմի ընթացքում, ըստ երկու կողմերի տվյալների, զոհվել է մոտ 1200 իսրայելցի և ավելի քան 30 հազար պաղեստինցի, կան հազարավոր վիրավորներ և հարյուրավոր պատանդներ: Գազայի հատվածի բնակավայրերը և հատկապես Գազա ավանը վերածվել են ավերակների:
Արաբական և մահմեդական տասնյակ երկրներ Իսրայելին մեղադրում են Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության համար: Այդ մեղադրանքով Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցը քննվում է Հաագայում տեղակայված ՄԱԿ-ի միջազգային դատարանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կահիրեում առաջիկա օրերին Գազայի հարցով բանակցություններ են կայանալու. Al Hadath