Վոլոդին. Բեռլինը պետք է բացատրություն տա Ղրիմի կամրջին հարվածելու թեմայի՝ գերմանացի զինծառայողների կողմից քննարկման փաստով

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ

Ղրիմի կամրջին հարված հասցնելու թեման գերմանացի բարձրաստիճան զինծառայողների կողմից քննարկելու փաստը, որն ապացուցվում է հրապարակված ձայնագրություններով, պետք է լսվի Պետական դումայի հաջորդ նիստում, Telegram ալիքում գրել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Երբ պատգամավորները կվերադառնան շրջաններ գործուղումներից, որտեղ գտնվում են մինչև մարտի 11-ը, մենք այդ հարցը կլսենք Պետդումայի նիստում», - գրել է նա։

Խոսնակը նաև գտնում է, որ պետք է համապատասխան ուղերձով դիմել Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատ Բունդեսթագ՝ հետաքննություն անցկացնելու պահանջով։ Նրա խոսքով՝ «զրույցի ձայնագրման հրապարակված փաստը պարտավորեցնում է Գերմանիայի ղեկավարությանը բացատրություն տալ»։

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության ի՞նչ որոշումներով են առաջնորդվել Բունդեսվերի (գերմանական բանակի) սպաները Ռուսաստանի Դաշնությանը հարվածելու ծրագրերը քննարկելիս, և արդյո՞ք նրանք կպատժվեն դրա համար, ի՞նչ է տեղի ունեցել, և արդյո՞ք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հասկանում է, որ այդ գործողությունները Ռուսաստանից կպահանջեն պատասխան հարվածներ հասցնել», - Telegram-ում գրել է Վոլոդինը:

Ավելի վաղ Russia Today իշխանամետ մեդիաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, թե այն օրը, երբ Շոլցն ասել է, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում և չի մասնակցելու ուկրաինական պատերազմին, գերմանացի բարձրաստիճան սպաները քննարկել են Ղրիմի կամրջի վրա գրոհելու հնարավորությունը։ Սիմոնյանը պնդել է, որ կա այդ փաստն ապացուցող ձայնագրություն: