Եվրամիությունը հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելուն: Այդ մասին Անթալիայի միջազգային դիվանագիտական ամենամյա հավաքի շրջանակում տեղի ունեցած «Խաղաղություն, զարգացում և կապեր Հարավային Կովկասում» թեմայով լսումներում ասել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Խաղաղության ձեռքբերումը բխում է Ադրբեջանի, Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի շահերից, և մենք բոլոր ջանքերը կգործադրենք դրան հասնելու համար», - ասել է Կլաարը:
Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նշել է, որ առաջընթացի հասնելու հիմնական պատասխանատվությունը կրում են երկու երկրները և դրանց ղեկավարությունը, առաջընթացը կախված է նրանց ցանկությունից ու կամքից։ «Քանի որ ես երկար տարիներ զբաղվել եմ այս հարցով, կարող եմ ասել, որ դրան կարելի է հասնել: Հուսով եմ, որ այս տարի մենք կկարողանանք դա ապահովել, և Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան խաղաղություն կնքել», - ասել է Կլաարը:
Նրա խոսքով՝ Թուրքիան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացման գործընթացին. - «Ուզում եմ ընդգծել, որ թեև ԵՄ-ն, եվրոպական երկրները և, մասնավորապես, վերջին շրջանում Գերմանիան, պատրաստ են աջակցելու Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը, մենք նաև դիտարկում ենք Թուրքիայի և նրա ղեկավարության ներուժը տարածաշրջանում: Թուրքիան Վրաստանի և Հայաստանի անմիջական հարևանն է, ինչպես նաև հատուկ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և ունի եզակի հնարավորություն՝ օգնելու տարածաշրջանում խաղաղության հասնելուն»։
«Անկարան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացմանը և ամրապնդել իր դերը որպես տարածաշրջանում առաջատար տերություն»,- ասել է Տոյվո Կլաարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կլաարը Բաքվում քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի հեռանկարները