Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական բանակցություններից հետո «բաց հարցերը» մնում են


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հինգշաբթի Բեռլինում ավարտեցին երկօրյա բանակցությունները։ Պաշտոնական Երևանը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ որևէ լուրջ առաջընթացի մասին չի ակնարկում։

«Քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նախարարությունը չի հայտնել, թե արդյոք արտգործնախարար Արարատ Միրզոյանին և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին հաջողվել է նվազեցնել երկու երկրների միջև առկա տարաձայնությունները խաղաղության պայմանագրի առանցքային կետերի շուրջ։ Ադրբեջանական կողմն անմիջապես չի մեկնաբանել բանակցությունները։

Միրզոյանն ու Բայրամովը Գերմանիայի մայրաքաղաքում բանակցել են հիմնականում առանց երրորդ կողմի միջնորդության։ Չորեքշաբթի կեսօրին նրանց միացավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը: Վերջինս այսօր գովաբանել է Բաքվին և Երևանին «խիզախ և միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով դեպի խաղաղության պայմանագրի ուղին բռնելու համար»։

«Այնտեղ ճանապարհին յուրաքանչյուր մետրը կարևոր է», - գրել է Բերբոքը X սոցիալական ցանցում։

Միրզոյանի և Բայրամովի հանդիպման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած քննարկումների ընթացքում, որը կազմակերպել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Անցյալ շաբաթ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը գործնականում առանց տարընթերցումների չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, և ծրագրում է ռազմական ագրեսիա ՀՀ-ի դեմ։ Իլյամ Ալիևը երեկ հակադարձեց, թե «Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու պլաններ չունի»։

Միրզոյանն ու Բայրամովը դեմ առ դեմ բանակցում էին ավելի քան ութ ամսվա դադարից հետո. նախքան այդ Բաքուն բոյկոտում էր արևմտյան բոլոր հարթակները։

XS
SM
MD
LG