Շուրջ երկուսուկես տարի անազատության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարում է՝ իր նկատմամբ քրեական հետապնդումն ուղղորդում է անձամբ վարչապետը։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան պնդումը հիմնավորում է գործադիրի ղեկավարի ու արդարադատության նախարարի՝ իրեն առնչվող հայտարարությամբ։
Փետրվարի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց իր կաբինետի նախկին անդամի անունը նշելու խնդրահարույց էր համարել քրեակատարողականի ծառայողների ուղեկցությամբ նրան տուն ուղեկցելը։
«Շատ աղմկոտ դեպք ունեցանք, երբ որ քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձին ուղեկցել էին տուն։ Հիմա մենք համոզվա՞ծ ենք, որ դեպքի բոլոր պատասխանատուների նկատմամբ միջոցներ ձեռնարկվում են», - դիմելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ հարցրել էր վարչապետը։
«Այո, պարոն վարչապետ, քրեակատարողական կոնկրետ հիմնարկի ղեկավարն այլևս չի աշխատում ծառայությունում, նաև ստորին օղակի ուղեկցողն էլ է հեռացված համակարգից», - ասել էր Գրիգոր Մինասյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակԴատարանը «անպիտան հրթիռների» գործով առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Տոնոյանին թույլատրել էր օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին։ Ըստ Տոնոյանի՝ այդ ընթացքում ինքը քրեակատարողականի ծառայողների ուղեկցությամբ հասցրել է նաև մորն այցելել։ Շեշտում է՝ դատարանն է իրեն երկու ժամով նման իրավունք տվել։
«Այսինքն՝ օգոստոսի 1-ին ո՛չ իմ, ո՛չ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների գործողությունները չեն հակասել ո՛չ օրենքին, ո՛չ առկա որոշմանը: Այս առումով, միգուցե կարիք կա, որ արդարադատության նախարարը վարչապետին լրացուցիչ ներկայացնի «կարճաժամկետ մեկնում» գործիքակազմի մանրամասները», - նշել է նախկին նախարար Տոնոյանը:
Արդադարտության նախարարն իր հերթին խնդրահարույց էր համարել դատարանի որոշումը, որով Տոնոյանին թույլատրվել էր առնվազն 2 ժամ մեկնումը. - «Շատ տարօրինակ երկու ժամվա այսպես ասած՝ բաց էր թողել հենց դատարանի կողմից, որը ուսումնասիրում ենք, հասկանանք՝ արդյոք դա սովորական պրակտիկա է, թե ոչ, որովհետև քրեակատարողական ծառայության մեր մոնիտորինգը ցույց է տվել, որ դա եզակի դեպք է եղել»։
Նաև այս հայտարարությունները մատնանշելով է Տոնոյանը պնդում՝ գործը շինծու է և հրահանգավորված. - «Թե ինչու է իմ նկատմամբ քրեական հետապնդումը կրում քաղաքական բնույթ, կարծում եմ, բոլորին էլ պարզ է։ Իսկ ինձ տրամադրված կարճաժամկետ մեկնման ընթացքի հանդեպ Փաշինյանի սևեռուն ուշադրությունը, համոզված եմ, կապված էր իմ՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերում արտահայտված մտքերի և դիրքորոշումների հետ»:
Քննիչ հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր Տոնոյանը, միայն ամենասկզբում շատ կարճ ժամանակով հեռարձակվեց։ Այդ հատվածում նախկին նախարարը գործող իշխանություններին քննադատող հայտարարություններ չի արել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տոնոյանը քննիչ հանձնաժողովի փակ նիստում շարունակում է պատասխանել պատգամավորների հարցերինՏոնոյանի այսօրվա հայտարարության վերաբերյալ «Ազատություն»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ վարչապետի մամուլի քարտուղարից։ Վերջինս, սակայն, զանգերն անպատասխան թողեց։
Տոնոյանը «անպիտան հրթիռների» գործով անցնող 7 մեղադրյալներից միակն է, որ անազատության մեջ է, մյուս զինվորականներին չեն կալանավորել։ Դատարանը մերժել է Տոնոյանի կալանքը փոխելու բազմաթիվ միջնորդությունները։