Արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 26-ին Ժնևում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախորդ տարի սեպտեմբերին ռազմական հարձակման և իրականացված էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանվածների կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցեր։
Միրզոյանը, մասնավորապես, ընդգծել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև անհետ կորածների և բռնի անհետացած անձանց ճակատագրերի բացահայտման կարևորությունը՝ վերահաստատելով հայկական կողմի հրապարակայնորեն հայտնած պատրաստակամությունը խնդրո շուրջ համագործակցության վերաբերյալ:
Արցախում սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները, ընդհանուր առմամբ, ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց։ 181 զինծառայող ճանաչվել է զոհված, 11-ը՝ անհետ կորած։ Ադրբեջանում, ըստ հայաստանցի իրավապաշտպանների, հիմա 23 հայ է պահվում, նրանց թվում՝ Արցախի նախկին ղեկավարները։
Միայն Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը ինտեգրման ծրագիր ներկայացրեց, որը թղթի վրա է մնացել։ Պաշտոնական Բաքուն վստահեցնում է, թե իր Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան հանձնառու է պաշտպանել Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները՝ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերադարձի ակնկալիքներ՝ առանց հստակության. արցախցի պաշտոնյաները նշեցին շարժման 36-րդ տարեդարձը