Ավելի քան 160 երկրների ներկայացուցիչներ կհրավիրվեն Շվեյցարիայում նախատեսված համաշխարհային «խաղաղության գագաթնաժողովին», հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Էրմակը։
Նա ասել է, որ պաշտոնական հրավերներն արդեն պատրաստ են և շուտով կուղարկվեն։ Ցուցակում Ռուսաստանը չկա։
Երմակը պարզաբանել է, որ Մոսկվայի մասնակցության հնարավորությունը, այսպես կոչված, «խաղաղության բանաձևի» քննարկմանը կդիտարկվի միայն այն դեպքում, երբ համաշխարհային առաջնորդները Շվեյցարիայի գագաթնաժողովում մշակեն կոնկրետ ծրագիր Ուկրաինայի և նրա դեմ ագրեսիայի հետևանքների հաղթահարման համար։
Գագաթնաժողովի օրը չի հաղորդվում։ Ավելի վաղ Շվեյցարիայի իշխանությունները, որոնք համաձայնել են Ուկրաինայի խնդրանքով ֆորումն անցկացնել Բեռնում, հայտնել են, որ մտադիր են այն կազմակերպել «մինչև ամառ»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած, այսպես կոչված, «խաղաղության բանաձևը», մասնավորապես, նախատեսում է ռուսական զորքերի ամբողջական դուրսբերում Ուկրաինայից և երկրի սահմանների վերականգնում 1991 թվականի սահմանների համապատասխան։
Ռուսական իշխանություններն անընդունելի են համարում բանաձևը՝ նաև հայտարարելով, առանց Մոսկվայի մասնակցության Ուկրաինայի հարցով քննարկումները ոչ մի տեղ չեն տանի։
Վլադիմիր Պուտինը երկու անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը չի զիջի այն, ինչի արդեն հասել է Ուկրաինայում՝ օգտագործելով «նվաճում» բառը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան Բեռնին չեզոք չի համարում ռուս - ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում