Մատչելիության հղումներ

Մոսկվան Բեռնին չեզոք չի համարում ռուս - ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Շվեյցարիայի պատրաստակամությունը՝ կազմակերպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևի» համաժողովը, տարակուսելի է, քանի որ այս նախաձեռնությունը կտրված է իրականությունից։ Այդ մեկնաբանությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է հունվարի 31-ին Շվեյցարիայում հաստատված՝ Համադաշնության արտաքին քաղաքականության 2024-2027 թվականների ռազմավարության փաստաթղթում ռուս-ուկրաինական հակամարտության մասին տեղ գտած դրույթին:

«Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևի» իրագործման հարցերով բարձր մակարդակի կոնֆերանս կազմակերպելու՝ Համադաշնության պատրաստակամության մասին տեքստը նույնպես տարակուսելի է: Մենք կրկին ցանկանում ենք նշել, որ նման նախաձեռնություններն ամբողջությամբ կտրված են իրականությունից՝ հատկապես այն պատճառով, որ Զելենսկին իր հրամանագրով արգելել է Ռուսաստանի հետ որևէ շփում խաղաղ կարգավորման շուրջ», - ընդգծել է Զախարովան։

Ըստ խոսնակի, «բացահայտ հակառուսական» փաստաթղթի վերջնական տարբերակում, որի նախագիծը Մոսկվան արդեն մեկնաբանել է 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, պահպանվել են Ռուսաստանի հանդեպ թշնամական բոլոր ձևակերպումները:

Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 23-ին Նյու Յորքում Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսի հետ զրույցի ժամանակ ուղղակիորեն մատնանշել է նման հարձակումների անընդունելիությունը և Բեռնի՝ չեզոքությունից հեռանալը։

«Ընդունված ռազմավարությունը հաստատում է Բեռնի կույր հավատարմությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության ուղեցույցներին», - հայտարարել է Զախարովան:

Նրա խոսքով՝ այդ հանգամանքներում շվեյցարական կողմի հավաստիացումներն անկողմնակալության ենթադրյալ հանձնառության վերաբերյալ «ցինիկ են թվում»:

«Շվեյցարիայի՝ որպես հակամարտությունների կարգավորման «ազնիվ միջնորդի» ներուժը, որը նա փորձում է նման եռանդով կիրառել միջազգային ասպարեզում, մեզ համար սպառել է իրեն», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG