Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երկրորդ տարելիցի կապակցությամբ «Մեծ յոթնյակի» (G7) ղեկավարները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Ռուսաստանին անհապաղ դադարեցնել պատերազմը:
«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին հարգել միջազգային իրավունքը և ոչ մի կերպ չհաստատել կամ արդարացնել Ռուսաստանի կողմից տարածքները ուժով զավթելու փորձերը: Մենք երբեք չենք ճանաչի Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի անցկացրած այսպես կոչված «ընտրությունները», ինչպես նաև դրանց արդյունքները»,- ասվում է հայտարարության մեջ։
G7-ը դատապարտել է Ռուսաստանի հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև Ուկրաինայում ռուսական զորքերի իրականացրած ռազմական հանցագործությունները: Երկրները նաև հայտարարել են, որ կշարունակեն միջոցներ ձեռնարկել Մոսկվայի եկամուտները նվազեցնելու համար։
Ռուսական ակտիվները «Մեծ յոթնյակ»-ի երկրներում սառեցված կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի փոխհատուցի ռազմական գործողություններից Ուկրաինային հասցված վնասը, նշվում է հայտարարության մեջ։