«Հայ-ֆրանսիական հարաբերություններում պաշտպանական ոլորտը դեռևս լիովին իրագործված չէր»․ Լըկորնյուն՝ Փաշինյանին

Ֆրանսիան առաջին երկրներից է, որ արձագանքում է անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու մեր որոշմանը, այսօր ընդունելով Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի գլխավորած պատվիրակությանը` հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ խորն են և բազմաշերտ ու տրամաբանական է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտում նույնպես այդ հարաբերությունները պետք է արտահայտվեն, ասել է գործադիրի ղեկավարը։

«Նախագահ Մակրոնի հետ մեր քննարկումներում, ըստ էության, միշտ ներկա է եղել անվտանգության կոմպոնենտը, և հիմա ուրախ եմ, որ այդ քննարկումները կոնկրետ արտահայտություն են ստանում», - ասել է Փաշինյանը:

Սեբաստիան Լըկորնյուն իր հերթին ընդգծել է՝ թեև կողմերը ջերմ բարեկամանակն հարաբերություններ ունեն, սակայն պաշտպանական ոլորտը դեռևս լիովին իրագործված չէր։

«Հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք կախված են Հայաստանի գլխին, մեզ ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ: Այսինքն՝ մեզ համար շատ կարևոր է արագ արձագանքել և կազմակերպել քայլերը: Արդեն շատ բան ընթացքի մեջ էր, բայց շնորհիվ այն երկկողմ հարաբերությունների և հանդիպման, որ Դուք ունեցաք նախագահ Մակրոնի հետ, մեզ թույլ տվեց այսօր առավոտյան ավելի առաջ ընթանալ՝ այն նույն ուղղություններով, որոնք մատնանշել էիք Փարիզում միասին», - ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:

Ըստ հայկական կողմի՝ Փաշինյանն ու Լըկորնյուն կարևորել են ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում Հայաստան-Ֆրանսիա փոխգործակցությունը, այդ թվում՝ ռազմական կրթության, մարտական պատրաստության և այլ ուղղություններով, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ։

Պատմության մեջ սա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հայաստան։ Այսօր նրան ընդունել է նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախ առանձնազրույց ունեցել, ապա քննարկումները շարունակել ընդլայնված կազմով։

Նախքան Երևան ժամանելը, ֆրանսիական RTL-ի հետ զրույցում Լըկորնյուին ասել էր, որ Հայաստանն անվտանգային լուրջ մարտահրավերներ ունի, որոնք վերաբերում են ինքնիշխանությանը, սահմանների պաշտպանությանը՝ կապված Ադրբեջանից հնարավոր կամ բխող սպառնալիքների հետ։ Ֆրանսիական «Ֆիգարո»-ն էլ գրել էր՝ Երևան է ուղևորվում ոչ միայն Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, այլև «ֆրանսիական զինամթերքը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ն երեկ արդեն ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը․ Լըկորնյու