2023-ին ՀՀ-ն «անվտանգային ոլորտի հարաբերություններ է զարգացրել Վրաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ»

Այսօր գործադիրը հաստատել է Հայաստանի կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցը, որն ավելի ուշ պետք է քննարկվի ու հաստատվի Ազգային ժողովում։

Ավելի քան 100 էջանոց փաստաթղթում Կառավարությունը ոլորտ առ ոլորտ ամփոփում է նախորդ տարվա ձեռքբերումները։ Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ գործադիրը գրում է, որ «գլոբալ անկայունության պայմաններում Հայաստանի անվտանգային միջավայրը շարունակել է ձևափոխվել, անվտանգային մեխանիզմները, որոնց ավանդաբար ապավինել է Հայաստանը, հերթական անգամ ի ցույց են դրել իրենց անարդյունավետությունը», իսկ 2023-ին Հայաստանը «անվտանգային ոլորտի հարաբերություններ է ձևավորել և զարգացրել Վրաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ»:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Կառավարությունն իր կատարողականում գրում է, որ «նպատակ ունի ախտորոշել Հայաստանի նկատմամբ տարածաշրջանում առկա բացասական և ագրեսիվ դրսևորումները, կառավարել դրանք, ապա և տարածաշրջանային մտածված քաղաքականության շնորհիվ նվազեցնել և երկարաժամկետ հեռանկարում զրոյացնել», ու հավելում, որ «Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում էական առաջընթաց ապահովել չի հաջողվել»։