Կիլոմետրերով ձգվող խցանումներ՝ Գավառ-Մարտունի ճանապարհին. Գեղարքունիքի մարզի արտագնա աշխատանքի մեկնող բազմաթիվ բնակիչներ վաղ առավոտից փակել էին ճանապարհը: Նրանք պահանջում են հետ կանչել Ռուսաստանում ստացած իրենց եկամուտն այստեղ էլ հարկելու աղմկահարույց կարգավորումը:
Վրդովված քաղաքացիները չեն հասկանում, թե ինչո՞ւ Հայաստանում էլ պետք է հարկ վճարեն: Ասում են՝ լավ օրից չէ, որ աշխատելու համար Ռուսաստան են մեկնում:
Ռուսաստանում աշխատողներն այնտեղ եկամտահարկ են վճարել 13 տոկոսի չափով, Հայաստանում եկամտահարկի դրույքաչափն ավելի բարձր է՝ 21 տոկոս, նրանցից այդ 8 տոկոսի տարբերությունն են պահանջում:
Կարգավորումը վերաբերում է այն մարդկանց, ովքեր արտերկրում աշխատել են 6 ամսից պակաս:
Բազմամարդ ցույցին զուգահեռ Երևանում լրագրողների հետ զրուցել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը: Վերջին օրերին բարձրացրած մեծ աղմուկից հետո պաշտոնյան հայտարարում է՝ այժմ քննարկումներ են ընթանում, մինչ այդ վարչարարություն չեն իրականացնելու:
Ցուցարարներին լսելու Գեղարքունիքի մարզպետը եկավ, Կարեն Սարգսյանը հավաքվածներին ՊԵԿ նախագահի ասածները փոխանցեց:
Ճանապարհը բացեցին ժամը 6-ից հետո, կսպասեն քննարկումների արդյունքներին, եթե պաշտոնյաների եզրահանգումներն իրենց սրտով չլինեն կրկին փողոց դուրս կգան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ինչո՞ւ են ուշացումով տեղեկացրել». ՊԵԿ-ը հարկում է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած հազարավոր քաղաքացիների