Ավդեևկայի անկումից օրեր անց Ուկրաինայի նախագահը խոստովանում է, որ իրավիճակը ճակատում ծայրահեղ ծանր է:
«Իրավիճակը ծայրահեղ ծանր է առաջնագծի մի քանի հատվածներում, որտեղ ռուսական զորքերը կուտակել են առավելագույն ռեզերվներ։ Նրանք օգտվում են Ուկրաինային օգնության ձգձգումից։ Եվ դրանք շատ շոշափելի հարցեր են։ Կա հրետանու դեֆիցիտ, առաջնագծում հակաօդային պաշտպանության և ավելի հեռահար զենքի անհրաժեշտություն», - նշել է Վլադիմիր Զելենսկին:
Ավդեևկան գրավելուց հետո ռուսները փորձում են հարձակվել այլ ուղղություններով ևս։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի զեկույցի համաձայն՝ ռուսական զորքերը այժմ իրականացնում են առնվազն երեք գործողություն՝ Խարկովի և Լուգանսկի շրջանների սահմանին, Ավդեևկայի շրջակայքում և Զապորոժիեի մարզի արևմուտքում գտնվող Ռաբոտինո գյուղի մոտ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոյգուն Պուտինին զեկուցել է «Ավդեևկայի ռուսական կողմի վերահսկողությանն անցնելու մասին»CNN-ը, վկայակոչելով ամերիկյան հետախուզության իր աղբյուրներին, հաղորդում է, որ Զապորոժիեի մարզի ճակատային գծի մոտ Ռուսաստանը մոտ 50 հազարանոց զորք է տեղակայել։ Ընդ որում՝ տարածքը, որտեղ նրանք ներկայումս տեղակայված են, մոտավորապես համընկնում է այն վայրի հետ, որտեղ ուկրաինական զինված ուժերը անցած ամառ փորձեցին հակահարձակում իրականացնել:
Այդուհանդերձ, ռազմական վերլուծաբանները կարծում են, որ Ավդեևկայից նահանջից հետո ուկրաինական զինված ուժերը կկարողանան մոտակայքում ստեղծել պաշտպանության նոր գիծ, և արդյունքում ռուսական հարձակումը կարող է կասեցվել։ Մյուս կողմից Ուկրաինային արևմտյան նոր սպառազինության մատակարարման ձգձգումները կարող են օգնել ռուսական ուժերին էլ ավելի առաջ գնալ։
Ամիսներ շարունակ ուկրաինական կողմը խոսում է սպառազինության պակասի մասին։ Ամերիկյան NBS news-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի վարչակազմն այս պահին աշխատում է Ուկրաինային հեռահար հրթիռներ տրամադրելու ուղղությամբ։
Վաշինգտոնը անցյալ տարեվերջին սկսեց Ուկրաինային միջին հեռահարության հրթիռներ մատակարարել։ NBS news-ի զրուցակիցների խոսքով՝ Միացյալ Նահանգներն այժմ հակված է հեռահար հրթիռներ մատակարարելուն, որոնք Ուկրաինային թույլ կտան ավելի խորը հարվածներ հասցնել բռնակցված Ղրիմի տարածքին։ Սակայն Ուկրաինային զենքի մատակարարման ֆինանսավորման հարցը դեռ լուծված չէ։ Չնայած ԱՄՆ Սենատի հավանությանը, դեռ դժվար է ասել՝ արդյոք հանրապետականների կողմից վերահսկվող մյուս պալատը՝ Ներկայացուցիչների տունը կընդունի օրինագիծը։