Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի շուրջ քննարկումները շարունակվում են, սեղանին երկու տարբերակ կա, այդ թվում՝ Իրանով անցնող ճանապարհը։
«Եթե հայկական կողմում խնդիրներ լինեն, ապա Ադրբեջանը շփումներ ունի նաև Իրանի հետ՝ այդ երկրի տարածքով անցնող միջանցքի հնարավորության հետ կապված։ Կա երկու այլընտրանք, այդ այլընտրանքները քննարկման են դրված»,- թուրքական Hurriyet պարբերականի հետ զրույցում ասել է Ուրալօղլուն։
Բաքուն ցանկանում է «Զանգեզուրի միջանցքով» առանց մաքսակետերի տեղադրման ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Պաշտոնական Երևանն էլ Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։
Անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան․ Եթե Հայաստանը հրաժարվի բացել «Զանգեզուրի միջանցքը», ճանապարհը կանցնի Իրանով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի. Ալիև