ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, X-ում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Նա նշել է, որ շատ կարևոր է տեսնել, որ երկու երկրները կրկին հանդիպել են ամենաբարձր մակարդակով և համաձայնել երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության շուրջ։
Ավելի քան կես տարվա դադարից հետո երեկ գերմանական Մյունխենում կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ բանակցել են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Արևմտյան հարթակում Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել էին անցած տարվա հուլիսին:
Պաշտոնական Երևանը հաղորդեց՝ առաջնորդները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման քայլերը և որ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: