Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարները պատրաստակամ են խորացնել համագործակցությունը

Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները Մյունխենում այսօրվա զրույցին ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը։

Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպել են Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, քննարկել երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր, հաղորդում են ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին։

Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցում է, մանրամասներ, սակայն, պաշտոնական աղբյուրները չեն բացահայտել։ Արդեն 2022-ի աշնանը հնդկական մամուլը գրեց՝ Երևանը և Դելին սպառազինությունների մատակարման մասին գործարք են կնքել, որի ընդհանուր ծավալը հասնում է 260 միլիոն ամերիկյան դոլարի, և որի առանցքային կետը Pinaka համակարգերի վաճառքն էր։