Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատնից մի քանի մետր հեռավորության վրա հիմնականում ռուսաստանցիներ սգում են Կրեմլի ամենակոշտ քննադատներից մեկի՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը։
Երեկվանից մարդկանց հոսքն այստեղ չի դադարում. ծաղիկներ, պաստառներ, մոմավառություն, հարգանքի տուրք են մատուցում 47-ամյա քաղաքական գործչի հիշատակին, որը կյանքի վերջին տարիներն անցկացրեց անազատության մեջ՝ ամենախիստ ռեժիմի գաղութում։
«Մեծ ողբերգություն», «շոկ», «ցավ». ուշքի չեն գալիս ոչ միայն Ալեքսեյ Նավալնիի աջակիցները, այլ նաև սովորական ռուսաստանցիներ, որ Հայաստանում են հայտնվել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո։
Նավալնիի մահվան մասին դաշնության քրեակատարողական ծառայությունը երեկ հայտնեց, այսօր արդեն նրա թիմակիցները հաստատեցին լուրը։ Կրեմլի ու անձամբ Պուտինի կոշտ քննադատին անցած տարեվերջին տեղափոխել էին Ռուսաստանի ամենահեռավոր և ցուրտ շրջաններից մեկը՝ Յամալ-Նենեցյան ինքնավար շրջան։
Հայաստանում հաստատված ռուսաստանցի Նաթանիել Տրուպկինը կասկած չունի՝ երիտասարդ ընդդիմադիր գործիչը սպանվեց Ռուսաստանի իշխանությունների կողմից, եթե ոչ միանգամից, ապա դանդաղ՝ գտնվելով անազատության մեջ անմարդկային պայմաններում։
«Շատերի համար նման գործչի հեռացումը ինչպիսին, օրինակ, իր ժամանակ Բորիս Նեմցովն էր, ինչպես հիմա Ալեքսեյ Նավալնին, դա նշանն է այն բանի, որ մոտ ապագայում Ռուսաստանում որևէ ռեֆորմ, որևէ քաղաքական փոխություն չի լինի, հասարակության ժողովրդավարացում չի լինի», - նշեց Տրուպկինը։
Երևանում գործող սրճարաններից մեկում է աշխատում Նաթանիել Տրուպկինը, նրանց հյուրերի մեծ մասը հենց ռուսաստանիցներ են՝ վերջին տարիներ Հայաստան եկած։ Երեկվանից այստեղ քննարկում են, թե ինչ ապագա ունի պուտինյան Ռուսաստանը ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական գործչի մահվանից հետո։
Նավալնիի մահից հետո Անաստասիան արդեն ցանկություն էլ չունի վերադառնալու Ռուսաստան, ու հույսն էլ կորցրել է, թե հայրենիքում կարող է բան փոխվել։ Ասում է՝ մարդիկ վախենում են, իսկ իշխանություններն ամեն կերպ հիշեցնում են՝ անհետևանք չեն մնա իրենց ընդդիմախոսների արարքներն ու հայտարարությունները։ Անգամ այստեղ՝ հարյուրավոր կիլոմետր հեռու՝ իրենք վախենում են, զգուշավոր են, մտահոգ են Ռուսաստանում մնացած հարազատների համար։
Ալեքսեյ Նավալնիի մահվանն արձագանքել են աշխարհի առաջնորդները՝ դատապարտելով Պուտինի ռեժիմը։ Հայաստանի իշխանություններից դեռ որևէ հրապարակային հայտարարություն չի հնչել, երկրի ղեկավարությունն այս օրերին գերմանական Մյունխենում է։ Նավալնիի հիշատակին այսօր խորհրդանշական վայրում՝ ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած հայ պոետ Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ ծաղիկներ են խոնարհել Հայաստանում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի դեսպանները, Կանադայի գործերի հավատարմատարը։
«Նա ռուս ժողովրդի ավելի լավ ապագայի հզոր ջատագովն էր: Պուտինը պետք է պատասխան տա նրա ողբերգական մահվան համար», - սոցցանցում գրել է Մեծ Բրիտանիայի դեսպանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չսխալվեք, Պուտինն է պատասխանատու Նավալնիի մահվան համար. Բայդեն