Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ, հայտնում են կառավարությունից։
Փաշինյանը և Բորջն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: Վարչապետը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքների մասին։
Կարևորվել է ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ նպաստելու տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովմանը։
Մյունխենում ընթանում է անվտանգության համաժողովը։ Հայաստանը ներկայացնում են վարչապետը, պաշտպանության, արտաքին գործերի նախարարները։
Համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը և այլք: